Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած հանդիպումը կարող է գնահատվել որպես ոչ պաշտոնական հանդիպումների (Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում) շարունակություն: Այս մասին հայտարարել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Այդ հանդիպումը տեղի է ունեցել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդի նախաձեռնությամբ: Հանդիպումը կարող է գնահատվել որպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում անցկացված ոչ պաշտոնական հանդիպումների շարունակություն: Գիտեք, որ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նախարարները հանդիպել են հունվարի 16-ին Փարիզում և մտադիր են հանդիպել նաև մյուս ամիս:
«Պետությունների ղեկավարների՝ լիարժեք ձևաչափով հանդիպումը, որպես կանոն, կազմակերպվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- նշել է Հաջիևը: