Լեգենդար ընդհատակյա հետախույզ Գոհար Վարդանյանը, որը հունվարի 25-ին նշում է ծննդյան 93-րդ տարեդարձը, նվերներ Է ստացել Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Արդեն բարի ավանդույթ Է դարձել, որ այդ օրը նա շնորհավորանքներ և նվերներ է ընդունում, որոնք իրենց ձեռքով պատրաստել են մարդիկ մեր մեծ երկրի տարբեր անկյուններից: Այսպես, Մոսկվայի խոհարարական քոլեջի ուսանողները Գոհար Լևոնովնային ուրախացրել են անչափ համեղ տորթով, իսկ Կոստրոմայի մարզից մի վարպետ մարգարիտով նախշակարված կաճյակներ (վալենկաներ) է կարել հետախույզ կնոջ համար»,- նշել Է Իվանովը:
«Այս տոնական օրը Գոհար Լևոնովնայի բոլոր գործընկերները, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակիցները և վետերանները միանում են շնորհավորանքներին և մաղթում քաջառողջություն, երկարակեցություն, երջանկություն և հիանալի տրամադրություն»,- հավելել է նա: Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ական թվականների սկզբին ընտանիքով բնակության Է տեղափոխվել Իրան: 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ միասին Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել բարդ պայմաններում:
1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:
Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: