Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ շատերն են հարցնում, արդյո՞ք այսքան տարի պայքարել եմ և արդյո՞ք գիշեր-ցերեկ պայքարի առաջնագծում և վտանգի մեջ էի այսպիսի Հայաստանի համար։
Արդեն շատերն են ծաղրում շարժման ազդեցիկ սիմվոլները և մասնավորապես թմբկազարկը։ Արդեն շատերն են մոռացել Սերժ Սարգսյանի իշխանությունը և իրենց իսկ լռությունը։
Ժամանակն է պատասխանել։
Չնայած բոլոր խնդիրների և սխալների առկայությանը, չնայած բոլոր այն երևույթներին, որոնք այս Հայաստանը հեռու են տանում իմ երազանքների և պատկերացումների Հայաստանից, այնուամենայնիվ հստակ պատասխանում եմ բոլորի՛դ։
Գնահատականներումս լինելով միշտ հնարավորինս օբյեկտիվ և անաչառ, առաջնորդվելով պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահի սկզբունքով, հաշվի առնելով արտաքին քաղաքական դերակատարումները թավշյա հեղափոխության նկատմամբ, ցանկանում եմ փաստել, որ, եթե կրկին ստեղծվի նույն իրավիճակը, ինչը 2018թ.-ի ապրիլից առաջ էր, ես կրկին ոտքի կկանգնեմ, կհամախմբեմ թե՛ նախաձեռնությանս անդամներին, թե՛ բոլոր ընկերներիս, թե՛ պարզապես անծանոթ այլ պայքարող քաղաքացիներին, և ինչպես արել եմ անցյալ տարի՝ Երևանի մատույցներում կդիմավորեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, կլինեմ փողոցներում, կվերահսկեմ ինձ տրված Մաշտոցի պողոտայի հատվածը (ինչպես որոշվել էր հեղափոխական թիմի կողմից) և առանց մեկ վարկյան մտածելու ամեն ջանք ու եռանդ կդնեմ՝ ազատվելու Սերժ Սարգսյանի ռեժիմից։
Մի բան հստակ է։ Այսօր մենք կանգնած ենք լրջագույն խնդիրների առջև։ Այդ խնդիրներն արդեն իսկ ամբողջական կործանման են տանում մեր՝առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող պետությունը։ Հասարակության գնահատականները և վերաբերմունքը, մեղմ ասած, անհասկանալի և անընդունելի է։ Հասարակության մեջ իրապես, ամբողջովին մեռած է պետության հանդեպ հարգանքն ու սերը, նվիրվածությունը ( պետությունը, հայրենիքը չխառնել օրվա իշխանության հետ)։ Ժողովրդի մեջ մեռած են արժեքները, որոնց բացակայության արդյունքում էր ստեղծվել նախորդ հանցավոր ռեժիմը և որոնց վերարժևորման և վերբարձացման արդյունքնում կարող ենք ոտքի կանգնեցնել և ճահճից հանել մեր պետությունը։
Իշխանությանը միշտ է պետք քննադատել։ Քննադատել, այլ ոչ թե ներխուժել անձնական և ընտանեկան տիրույթ։ Քննադատել իշխանությանը՝ որպես իշխանավոր, այլ ոչ թե որպես կին կամ տղամարդ։
Կարելի է չընդունել իշխանությանը և նրա քայլերը, լինել ընդդիմադիր և անկոտրում, գաղափարական պայքար մղել իշխանության դեմ, բայց երբե՛ք ու երբե՛ք ընդդիմություն-իշխանություն քաղաքական պայքարը, չի՛ կարելի խառնել պետության շահի և երկրի անկախության, անվտանգության, քաղաքացիների ազատության համար մղվող անվերջանալի պայքարին...
Հ.Գ. Չգիտեմ, թե ովքեր կհիշեն իմ անզիջում և երբեմն էլ վիրավորական տոնայնություն պարունակող պայքարը նախկին իշխանությունների դեմ, բայց հիշողները միաբերան կարող են փաստել, որ 5 տարվա պայքարիս ընթացքում՝ հայհոյելով Սերժ Սարգսյանին՝ որպես անցյալում ստեղծված իրավիճակի պատասխանատու, երբեք չեմ վիրավորել նրա ընտանիքի և՛ ոչ մի անդամի, ո՛չ կնոջը, ո՛չ երեխաներին, և ոչ էլ թոռնիկներին։ Էլ ու՞ր մնաց, թե վիրավորեի իշխանության մյուս ներկայացուցիչների հարազատներին...»: