«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի որոշումն ու մերժեց երկու կողմերի բերած վերաքննիչ բողոքները: Այսինքն, ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի որոշումը»,- քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ավելացրեց, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանը կայացրել են արդար դատական ակտ և որ որևէ կասկած չունեն դատական համակարգի անկախության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։