Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են մի հեղափոխական օրենքի նախագիծ, որի համաձայն «ամուսին» և «կին» բառերը կարող են կիրառվել ազատ ենթատեքստով: Չի բացառվում, որ շուտով ամուսնացած կանայք իրենց պաշտոնապես կսկսեն անվանել «ամուսին», իսկ նրանց կողակից տղամարդիկ՝ «կին», փոխանցում է «vesti.ru»-ն «The Telegraph» -ի հաղորդագրությունը,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուտով պաշտոնական փաստաթղթերից կարող են անհետանալ «հայր» և «մայր» բառերը: Այդ հիմնարար փոփոխություններն անգլերեն լեզվում կարող են տեղի ունենալ, եթե երկրում ընդունվի միասեռական ամուսնություններն օրինականացնող օրենք:

Չնայած այն բանին, որ այդ իրավական փաստաթղթի նախագիծը դեռ գտնվում է քննարկումների փուլում, բայց պաշտոնյաներն արդեն որոշել են քաղաքացիներին բացատրել, թե ինչպես դիմեն մեկը մյուսին՝ այդ օրենքի հաստատումից հետո:

Այսպիսով, ամուսիններ պիտի կոչվեն տղամարդիկ, անկախ այն բանից, թե ինչպիսի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվում՝ միսեռական, թե՞ ավանդական: Այդ նույնը կկատարվի նաև «կին» բառի հետ: Այդպիսի կարգավիճակ կտրվի ինչպես միասեռական զույգի համապատասխան կեսին, այնպես էլ ավանդական ամուսնական կապերի մեջ գտնվող տիկնանց: Այլ կերպ ասած հետերոսեռական զույգերը այս նորամուծությունները իրենց վրա չեն զգա, սակայն համասեռականները կարող են որոշել, թե ինչպես են իրենց անվանելու:

Այս առաջարկությունը մեծ աղմուկ է առաջացրել ինչպես բրիտանական պաշտոնյաների, այնպես էլ շարքային քաղաքացիների մեջ: Կտրուկ փոփոխություններին ոչ պատրաստ հասարակությունը գտնում է, որ «այլանդակել» լեզուն այդ աստիճանի, ուղղակի, հանցագործություն է: