Ուկրաինայի դատարանը նախկի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հեռակա դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է, որ 2014 թվականի մարտի 1-ին Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մտցնելու կոչով Վլադիմիր Պուտինին Վիկտոր Յանուկովիչի դիմումը պետական դավաճանություն է եւ ագրեսիայի հանցակցություն: Քննությունը եկել է եզրակացության, որ Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցողը ոչ թե քաղաքացիական պատերազմ է, այլ Ռուսաստանի ուղղակի ագրեսիա: Հիմա Յանուկովիչը թաքնվում է Ռուսաստանում՝ Պուտինի հովանու ներքո:
Հայաստանում վերսկսվել է 2008 թվականի մարտի 1-ի գործի քննությունը: Ընդ որում, երկրի այն ժամանակվա ղեկավարությանը լրջագույն մեղադրանքներ են ներկայացվել՝ սահմանադրական կարգի տապալում եւ իշխանության ուզուրպացիա: Ի տարբերություն Յանուկովիչի՝ Ռոբերտ Քոչարյանը եկել է Հայաստան եւ ենթարկվել հայկական դատարանի որոշմանը: Հիմա նա ճաղերի հետեւում է եւ սպասում է դատական գործընթացին:
2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցածը շատ կարեւոր է Հայաստանի ներքին քաղաքականության տեսանկյունից: 2008 թ. Հայաստանում իշխանությունը փոխվեց առանց ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու: 1998 թվականին, օրինակ, Հայաստանի իշխանությունը փոխվեց, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ տարածքային զիջումներ նախատեսող կարգավորման նախագիծ կա:
Տարածքային ամբողջականության կորստի՝ որպես իշխանափոխության գործոնի տեսանկյունից պետք է Հայաստանում պատմության այլ դրվագներ էլ հիշել: Մասնավորապես, ապրիլյան պատերազմը եւ Արցախում ու Հայաստանի սահմանին էսկալացիայի այլ դեպքեր, երբ Մոսկվայից հնչում էին ՀԱՊԿ զորքեր ուղարկելու կամ Ռուսաստանին օգնության դիմելու «առաջարկներ»: Հայաստանի իշխանություններն ամեն անգամ քաղաքավարի մերժում էին այդ առաջարկները, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը հիասթափությամբ նշում էր, որ Երեւանը համառորեն չի ցանկանում օգնության դիմել: Չի բացառվում, որ օգնության դիմումը հանգեցներ տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխության, եւ այդ պայմաններում իշխանափոխությունը կլիներ չարյաց փոքրագույնը:
Այն, որ Հայաստանի իշխանությունները չգրեցին «Յանուկովիչի նամակը» եւ «օգնության» չկանչեցին Ռուսաստանին, Իրանի եւ համաշխարհային կենտրոնների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու միջոց էր: Բացի այդ, Հայաստանում հիանալի հասկանում էին, որ արցախյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի ցանկացած փոփոխությունը կարող է հանգեցնել իշխող խմբավորման եւ առհասարակ հայկական պետականության վերջին: Ապրիլյան պատերազմից հետո շշուկներ էին տարածվել, որ Ղարաբաղի հարցով պարտվողական համաձայնագիր է պատրաստվում, եւ դա բավարար էր ինչպես 2016 թվականի ապրիլին Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման, այնպես էլ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի հրաժարականի համար:
Ղարաբաղյան իրադարձությունները, անգամ բանակցություններում տեսական փոփոխությունները իշխանափոխության պատճառ են դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հիշեցրել է այդ մասին:
«1990-ականների սկզբին Ադրբեջանում անիշխանություն էր: Մեր պարտության գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանն ուժեղ առաջնորդ չուներ: Տարբեր խմբեր պայքարում էին իշխանության համար, միմյանց դեմ սադրանքներ անում: Հայաստանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավեց մեր հողերի մի մասը: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել եւ բազմիցս եմ ասել այդ մասին, եթե այն ժամանակ Ադրբեջանի առաջնորդը Հեյդար Ալիեւը լիներ, մեր հողերը երբեք գրավված չէին լինի», – ասել է Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանում իշխանությունն առնվազն 4 անգամ փոխվել է ղարաբաղյան ճակատում կորուստների պատճառով: Ալիեւը հրաշալի գիտի, որ ղարաբաղյան կարգավորումում ցանկացած նահանջ անշեղորեն բերելու է իր տապալմանը: Առավել եւս, Բաքվում ընդդիմության ակտիվացման պայմաններում, որտեղ արդեն չթույլատրված հանրահավաքներ են անցկացվում: Ալիեւը դրա համար էլ չի համաձայնվում եւ չի համաձայնվելու ոչ մի զիջման:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am