Այսօր հայ ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1964-ի հունվարի 30-ին Պռոշյան գյուղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Պետոն 1989-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը և ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում:
1994-ի հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը: 1992-ից Պետրոսը Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր:
«Ոչ մի անգամ չեմ ասել` մի գնա: Իհարկե, ծնողը ինչքան էլ դեմ լինի, եթե ինքը ձգտում է գնալու, պիտի գնա: Ու գնաց»,- մի առիթով ասել է հերոսի հայրը:
Նա մահացել է 1994-ի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
Պետոյի անունն են կրում Եղեգնուտի և հարազատ Պռոշյանի դպրոցները: 2007-ից ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 -ին լույս է տեսել Համլետ Գևորգյանի «Պետոն» գիրքը:
2001-ին նրան շնորհվել է Արցախի հերոսի կոչում: