Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այս տարի ինքն իրեն չի պարգեւատրել, սակայն դժվարանում է հիշել՝ արդյոք նախկինում իրեն պարգեւատրել է։
Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով պարեւավճարների հարցին, նշեց. «Պարգեւավճարներ միշտ էլ եղել են, օրինակ, վերցնենք մարզպետարանները, էն ժամանակ էլի տվել են պարգեւավճարներ, մենակ չափի հարցն էր, տվել են աշխատավարձի չափով»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ինքն իրեն չի պարգեւատրել, իր աշխատանքից գոհ չէ՞ր, որին ի պատասխան Ցոլակյանը կատակեց. «Հա ես ինձանից գոհ չէի»։
Հարցին՝ եթե մի քանի տարի պարգեւավճար չստանա, կհրաժարվի՞ իր պաշտոնից. «Չէ հա, ուրեմն պարգեւավճարի համա՞ր եմ աշխատում, չհասկացա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018 թվականի վերջին շռայլ պարգեւավճարներ են տվել իրենք իրենց եւ իրենց աշխատակիցներին։ Երեւանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները եւս շուրջ 500 մլն դրամի պարգեւավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաեւ ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 եւ ավելի միլիոն դրամ են ստացել։