Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։
«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։
Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Լուրեր են պտտվում, որ Մելիք Մանուկյանի որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է նաև ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Լուրը հերքեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը.
-Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը, - նշել է Տոնոյանը:
Yelaket.am\Ելակետ լրատվականին հասած տեղեկությունների համաձայն միջադեպի ժամանակ մահացածների թիվը հասնում է ոչ թե մեկի, այլ երեքի: Թաքցված երկու անձանցիցմեկը հիվանդանոց մահացած է տեղափոխվել , մյուսը մահացել է դեպքի վայրում:


