ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նշված միջադեպին ևս 4 անձի մասնակցության վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է՝ վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ կատարվում է քննություն։
Զինված միջադեպին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ևս 4 անձ։
Այսպիսով՝ քրեական գործով, այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, ևս մեկ անձի՝ 1995թ. ծնված երիտասարդին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Միաժամանակ քննիչը որոշում է կայացրել միջնորդությամբ դիմել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ստեղծվել է քննչական խումբ։
Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար։