Արցախի թեմայով վերջին իրադարձությունները Հայաստանում նորից քննարկումներ ու կասկածներ են խթանել կառավարության գործողությունների վերաբերյալ: Դրանց մոտիվացիոն հիմքը հիմնականում պարզ է, միեւնույն ժամանակ, դրան նպաստում է թե հայկական «ավանդույթը», թե կառավարության դիրքորոշման ու քայլերի որոշակի անստակությունն այս հարցում:
Նիկոլ Փաշինյանը մոտավորապես ձեւակերպել է այս իրավիճակը՝ նա ասել է, որ երբ որոշակի ակտիվություն է լինում Արցախի շուրջ, հայկական մեդիա-քաղաքական շրջանակները դրան մոտենում են ոչ լավատեսորեն: Մասնավորապես, նա նկատի ունի այն, որ այդ շրջանակներում քննարկվում են ամենահոռետեսական սցենարները, բայց օրինակ նույնկերպ չեն անդրադառնում Ադրբեջանի մասով:
Նիկոլ Փաշինյանը ստիպված էր որոշակի հստակեցումներ մտցնել իր դիրքորոշման մեջ. նա վերահաստատել է, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, հայտարարել է, որ չի քննարկվում տարածք խաղաղության դիմաց բանաձեւը, եւ որ հայկական կողմին զիջումների մասին պետք է հարցնել այն բանից հետո, երբ այդ հարցը տան Ադրբեջանին ու հստակ պատասխան ստանան:
Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը հայտնվել է նպաստավոր իրավիճակում, ստանալով բազմաթիվ առավելություններ, այդ թվում Վիեննայի օրակարգը՝ Ադբեջանի ռազմական դիվանագիտության ֆիասկոյի ֆոնին: Ադրբեջանը ներկայում ձգտում է չեզոքացնել այդ իրավիճակը, եւ նախորդ կառավարությունն, օրինակ, իր բառապաշարից արագորեն հանեց Վիեննայի օրակարգ հասկացությունը:
Նոր կառավարությունը նույնպես կարծես թե հակված չէ այդ մասին խոսել, թեեւ ԱԳ նախարար Մնացականյանը լրագրողների խաչաձեւ հարցերի տարափի տակ հայտարարեց, որ Վիեննան մնում է: Դա, հիշեցնենք, ամերիկյան օրակարգ էր, որը ենթադրում է ներկայիս ստատուս-քվոյի ճանաչում, ինչը Բաքվում հենց այդպես էլ հասկացել էին:
Ինչպե՞ս է օգտագործում հայկական կողմը ապրիլյան պատերազմից հետո ստեղծված քաղաքական-դիվանագիական նպաստավոր պայմանները: Դրանք դեռ մնո՞ւմ են, օրինակ կուլիսյանին խոսակցություններում, թե արդեն չեղարկվել են: Հարց է նաեւ, այն, թե արդյոք դա տեղի է ունեցել գերտերություններից մեկի պահանջով, որին նույնպես ձեռնտու չէր Վիեննայի օրակարգը, թե՞ կա կոնսենսուս խնդիրների առավել լայն շրջանակով, այդ թվում ուժային մեթոդների բացառումը, ինչպես Երեւանում հայտարարել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինը:
Ըստ էության, թե Կարասինի հայտարարությունը, թե Բոլթոնի գրառումն Ադրբեջանի նախագահի հետ զրույցի կապակցությամբ, թե Մերկելի աննախադեպ հայտարարությունը, ըստ որի՝ ներկայում խիզախ քայլի հերթը Բաքվինն է, կարելի է համարել զգուշացում Ադրբեջանին: Դրանցում իհարկե հնարավոր է գտնել երկիմաստություն, բայց քաղաքականությունը քաղաքականություն չէր լինի, եթե դա չլիներ: Թեեւ, հայկական մեդիա-քաղաքական շրջանակներում հիմնականում սլաքներն ուղղվեցին հայկական կողմին:
Ինչ է դա տալիս քաղաքականության մակարդակում, դժվար է ասել: Այնուամենայնիվ, եթե ելնենք մոտիվացիայի ազնվության կանխավարկածից, կարելի է առաջարկել հետեւյալը՝ Արցախի հարցում հանրային-քաղաքական քննարկումներում հրաժարվել երկու բառից՝ խաղաղություն՝ հայտնի ընկալումներով, եւ փոխզիջում՝ տարածքներ հանձնելու առումով: Այս ելակետից էլ ձեւակերպել պահանջների համալիրը կառավարությանը, դրանով նրան դնելով կոնկրետ պատասխանատվության տակ ու միաժամանակ ստանձնելով կոնկրետ պատասխանատվություն:
Սա կլիներ քաղաքական մոտեցում, որը բնորոշ է քաղաքական ազգերին:
Խաղաղություն աշխարհում չկա ու չի լինելու, կան դադարներ գլոբալ գործընթացների հանգուցալուծումների միջեւ: Ամբողջ խնդիրն այդ դադարներն օգտագործելու հմտության ու արդյունավետության մեջ է՝ ռազմա-քաղաքական ու տնտեսական առումներով, ինչն էլ բնութագրում է քաղաքական ազգերի կենսունակությունը: Օրինակ, 25 տարվա խաղաղության ընթացքում ինչո՞ւ մինչեւ հիմա բնակեցված չէ Արաքսի հովիտը, որը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի ռազմավարական դիրքերը, այլեւ Հայաստանի համար կդառնա շտեմարան:
Եվ, մի հարց էլ. Հայաստանի կառավարությունը, հանրային-քաղաքական շրջանակները ե՞րբ են լրջորեն քննարկելու 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հարցը: Չէ՞ որ ներկայիս խնդիրները խոշոր հաշվով այդ պայմանագրերի հետեւանքն են:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am