Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնուիմ են, որ տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին` Հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով եւ հուզող հարցերով:
Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:
Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ եւս զինծառայողների անվտանգության, կենցաղային եւ սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաեւ խորհրդակցություն, որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: