Նյու Յորքի տունը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր կյանքի առաջին չորս տարիները, վաճառքի է հանվել։ Ոչ մեծ հինգ սենյականոց առանձնատունը՝ 232 քառակոսի մետր մակերեսով, վաճառվում է 2,9 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով անշարժ գույքի գործակալությունը։
Տունը, որը կառուցվել է 1940-ական թթ. Սպիտակ տան ներկա ղեկավարի հոր՝ գործարար Ֆրեդ Թրամփի կողմից, գտնվում է Լոնգ Այլենդ կղզում, Քուինս շրջանում։
Գովազդային հայտարարությունն ասում է, որ շենքը վաճառվում է Թրամփի ստվարաթղթե ֆիգուրի, նրա «Գործարքներ կնքելու արվեստը» գրքի եւ People ամսագրի շապիկի նրա լուսանկարի հետ միասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Տունը, որտեղ Թրամփն անցկացրել է կյանքի առաջին տարիները, արդեն մի քանի անգամ փոխել է տերերին։ 2017թ. այն 2,14 մլն դոլարով գնել էր իրավաբան Մայքլ Թանգի ընկերությունը։ Մինչ այդ առանձնատունը, որը գնվել էր 1,4 մլն դոլարով, պատկանում էր անշարժ գույքի ոլորտի ներդրող Մայքլ Դեւիսին։
Թերթի տվյալներով՝ տան համար շատ ավելի բարձր գին է սահմանված, քան հարեւանությամբ գտնվող համանման այլ տների համար։ Դրանցից մեկը, որը գնվել է 2016թ., նոր տերերի վրա 640 հազար դոլար է նստել։