Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայտնիների ընտանիքի անդամներին։ Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ զրուցել ենք իր և քրոջ փոխհարաբերությունների մասին, պարզել նրանց աղջկական կռիվների պատճառներն ու մտերմության աստիճանը․․․
Ժաննայի և Ջուլիետային տարիքային տարբերությունը 3 տարի է։ Դերասանուհին նշեց, որ իրենք շատ տարբեր են, բայց և՝ շատ կապված։ Ժաննան հպարտությամբ հայտնեց, որ քույրը սովորում է Բժշկական համալսարանի օրդինատուրայի վերջին կուրսում։
«Ինքն ինձանից փոքր է, բայց ես կարող եմ հանգիստ խորհուրդ հարցնել իրենից, որովհետև ավելի ռեալ և ռացիոնալ է մտածում։ Կարծես ինքն ավելի մեծ լինի՝ ավելի զուսպ և հավասարակշռված է։ Ընկերուհի–քույրիկներ ենք։ Միշտ կողքիս է և աջակցում է ինձ։ Կյանքի ամենադժվար պահերին կողքիս, երևի, 3 հոգի է եղել, ինքն այդ երեքից մեկն է եղել։ Ես չեմ սիրում իմ խնդիրներով լցնել մտերիմներիս առօրյան։ Եթե վատ տրամադրություն, խնդիր եմ ունենում, առանձնանում եմ և մտածում այդ մասին, բայց հենց խորհրդի կարիք եմ ունենում, առաջինն իրեն եմ դիմում»,– ասաց Ժաննան։
Դերասանուհին անկեղծացավ, որ քույրիկի հետ վեճեր էլ են շատ ունենում։ «Երեխաները հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել և շատ են վիճում։ Մենք շատ ենք կռվել, բայց և համերաշխ էինք այն պահերին, երբ պետք էր խաղալ, ինչ–որ տեղ գնալ։ Հիմա էլ պահի տակ իսկական պատերազմի ենք հասնում, որի վրա րոպեներ անց լիաթոք ծիծաղում ենք։ Իսկական տղայական վեճեր ենք ունենում։ Դրանք, կարծես, կատակերգություն լինեն, որովհետև շատ փուչ պատճառներով կարող ենք վիճել։ Օրինակ, մի անգամ խնդրեցի նկարել ինձ, իրեն այդ պահին հարմար չէր, հրաժարվեց, ես էլ վրդովվեցի։ Շատ վիրավորվեցի, քանի որ այդ պահին շատ գեղեցիկ շողք էր։ Մեծ պատերազմ սկսվեց, վերջում ես ասացի՝ այլևս դուրս չգաս իմ ճանապարհին։ Հետո երկար ժամանակ ծիծաղում էինք՝ ինչպես կարող ենք մի տան մեջ ապրել և դուրս չգալ իրար ճանապարհի»,– ասաց Ժաննան ու հավելեց, որ հանուն արդարության պետք է նշի, որ քույրը միշտ օգնում է իրեն, երբ ինչ–որ տեղ է շտապում, ամեն ինչ անում է իր համար։
Ժաննան տրամադրեց մի նկարազարդում, որը, իր կարծիքով, լավագույնս բնութագրում է իրենց։
Աղջկական սովորությունից՝ հագուտների փոխանակումից ևս քույրիկներն օգտվում են, թեև այս առումով էլ տարաձայնություններ լինում են. «Ունենք հագուստներ, զարդեր, պարագաներ, որոնք երկուսս էլ կարող ենք օգտագործել։ Երկուսս էլ առատաձեռն ենք, չենք վիճում նման բաների համար։ Պարզապես ինքն ավելի փոքրակազմ է, երբ ես հագնում եմ իր հագուստները, գժվում է։ Հետո բողոքում է, որ մեծացրել եմ իր հագուստի չափսերը»։
Թեև Ժաննան ակտիվ է սոցցանցերում, քույրիկի հետ լուսանկարներ, գրեթե, չենք տեսնում։ Սա պայմանավորված է նրանց տարբերությամբ։ «Միասին նկարներ ունենք, սակայն ես ավելի ակտիվ եմ, իմ նկարներն ավելի շատ են։ Մենք շատ տարբեր ենք։ Եթե ինքը սիրում է սև, ես սիրում եմ սպիտակ, ինքը սիրում է ամառ, ես սիրում եմ ձմեռ։ Նույնիսկ այն, որ նկարներ քիչ ունենք միասին, այդ տարբերությամբ է պայմանավորված։ Ես ավելի ակտիվ կյանքի սիրահար եմ, ինքը՝ հանգիստ։ Իհարկե, նաև համատեղ ժամանց ենք ունենում, հատկապես, երբ մեզ են միանում նաև մեր զարմուհիները։ Միասին լողավազան ենք գնում, զբոսանքի։ Սիրած վայրեր ունենք Երևանում, հենց եղանակները լավանում են, միասին զբոսնում ենք»,– նշեց նա ու հավելեց, որ ոչ վեճերը, ոչ էլ տարբեր նախասիրություններ ունենալը չի խանգարում, որպեսզի իրենք շատ կապված լինեն։
«Ծայրահեղ տարբեր լինելով հանդերձ նմանություններ էլ ունենք, քանի որ ստացել ենք նույն դաստիարակությունը և ընդհանուր սկզբունքներ ունենք։ Մարդկային հարաբերություններում գլոբալ առումով արժեքային նույն համակարգն ունենք»,– եզրափակեց դերասանուհին։