Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի:
«Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և որը որակապես փոխում է մեր առջև կանգնած խնդիրների առաջնահերթությունները: ՀՀ նախագահը՝ մեր քաղաքական թիմի ղեկավարը, մեր առջև խնդիր է դրել, որպեսզի ինքներս բացահայտենք մեր բացթողումները, հրապարակային ձևով ինքներս խոսենք դրանց մասին: Դա է ստեղծում խնդիրները հաղթահարելու երաշխիքները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատախազությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ: Վարչապետի դիտարկմամբ՝ այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենք խոսում են այն խնդիրների ու ռիսկերի մասին, որոնք դեռևս համակարգում տեսանելի են:«Դա մեզ հնարավորություն է տալու միասին առաջ գնալ: Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, դինամիկան, որն այսօր գոյություն ունի դատախազության աշխատանքներում, դա չի նշանակում, որ մենք չպետք է մեծարենք այն ազնիվ և պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր աշխատում են դատախազական համակարգում: Դա է առաջ շարժվելու ճանապարհը: Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք մեր բացթողումների և թերությունների մասին, ամենևին չի նշանակում, որ ոմանք իրավունք ունեն ցեխ լցնել ամբողջ համակարգի վրա և սևացնել ամեն ինչ: Ցավոք սրտի, դա դեռևս հաճախ է հանդիպում մեր առօրյա կյանքում»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ մենք այսօր քաղաքացիական հասարակության կառուցման վկան ենք, սակայն, գործադիրի ղեկավարի կարծիքով, դա հեշտ ճանապարհ չէ, որովհետև շատ հաճախ պարզվում է, որ մեր հասարակության բազմաթիվ օղակներ դեռևս չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ ազատությունը, ժողովրդավարությունը, միևնույն ժամանակ, ենթադրում է նաև պատասխանատվություն:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է այդ հանգամանքի վրա ևս ուշադրություն դարձնել, իսկ դրա հաջողության բանալին կայանում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ կադրային քաղաքականությունը, այդ թվում դատախազությունում, ունի էական նշանակություն մեր ապագա հաջողություններն արձանագրելու համար:
Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ հետագայում ևս գործադիրը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ դատախազությունում աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու, դատախազների մասնագիտական ու սոցիալական խնդիրները լուծելու համար:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակի կապակցությամբ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազ Արշավիր Ղալամյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը և «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Սարգսյանը: Վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը և Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը:
Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով: