ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շարունակում է պնդել այն տեսակետը, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պայմանավորվածություններ ունի իշխանությունների հետ:
Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Սեդրակյանը, ասելով.«Եթե չեմ սխալվում ես առաջիններից մեկն եմ եղել, որ ասել եմ, Հայրիկյանը իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունի: Այն ժամանակ բավականին սուր ընդունվեց իմ ասածը, բայց հիմա արդեն ամեն ինչ պարզ է: Եթե թեկնածուն դիմում է Սահմանադրական դատարան, հետո նախագահը գնում է նրա մոտ` հիվանդանոց ու հաջորդ օրը նա հանում է… Էլ ուրիշ ի՞նչ ձև է լինում պայմանավորվածությունը»:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռևս մի քանի օր առաջ մի հոդվածում գրված է եղել, որ կան տեղեկություններ, որ ընտրությունից հետո Պարույր Հայրիկյանը պետք է նշանակվի ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ և համաձայն այդ հոդվածի, այդ պայմանավորվածությունը Հայրիկյանը ձեռք է բերել մինչ իր կատարված միջադեպը:
«Նշվում էր նաև, որ Հայաստանում ստեղծվելու է նախարարություն` Եվրամիության հետ դաշինք և այդ նախարարության նախարար պետք է նշանակեն Հայրիկյանին: Այն ժամանակ ես ասեցի, որ հիմա արդեն Հայրիկյանն ավելի կնահանջի»,-նշեց Սեդրակյանը:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությանը ձեռնտու տարբերակ է Հայրիկյանի հետ համագործակցելը, Վարդան Սեդրակյանը պատասխանեց.
«Նման մարդկանց իշխանությունները կարող են շատ բան խոստանալ, որպեսզի տվյալ պահին իրենց ծառայեն և անեն այն ինչ պետք է իշխանություններին: Նախարար չէ, բայց մի պատգամավորական մանդատ կնվիրեն, ասենք ՀՀԿ-ից մեկը կգնա գործադիր աշխատանքի և նրան կմտցնեն խորհրդարան: Կգնա և Արտաշես Գեղամյանի կողքը կնստի»:


