Հայաստանը չի նախատեսում մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին։ Այս մասին, ներկայացնելով կառավարության 5 տարվա ծրագիրը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում նա անուղղակիորեն նշել էր մարտական գործողություններին հայ զինվորների մասնակցության մասին։
Վարչապետը հավաստիացրել է, որ Սիրիայում հայ զինվորականները գտնվում են բացառապես մարդասիրական առաքելությամբ։ «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, ինչ համատեքստում է արվել այդ հայտարարությունը։ Բայց մենք նման պլաններ չունենք»,- ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Տոնոյանի հայտարարությունը տառացիորեն հնչել է հետեւյալ կերպ. «Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եւ եթե անհրաժեշտություն լինի նաեւ ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա եւս կանի օրենքի տառին համապատասխան»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8-ին տեղեկացրել էր, որ հայ մասնագետների խումբը՝ 83 մարդուց կազմված, մեկնել է Սիրիա։ Խմբում ներառված են մարդասիրական ականազերծման մասնագետներ, բուժանձնակազմ եւ հենց մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադ։ Մարդասիրական զորակազմի Սիրիա ուղարկվելու մասին հայտարարվել էր անցած տարվա աշնանը։