Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Մհեր Հախնազարյանի գործով դատական քննությունը:


38-ամյա Մհեր Հախնազարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2018 թվականի մայիսի 17-ին Սիլիկյան թաղամասի հին խճուղու՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում, ճամփեզրի փորվածքի մեջ հայտնաբերվել էր այրված, դեռ ծխացող դիակ՝ մետաղալարով կապկպված:

Սկզբնական շրջանում նույնիսկ դիակի սեռը պարզելն էր դժվար: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ սպանվածը տղամարդ է՝ 19-ամյա Մայիս Վ.-ն:

Սպանությունը, որ կատարվել էր 2018 թվականի մայիսի լույս 16-ի գիշերը, բացահայտվել է օպերատիվ կերպով:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Հախնազարյանը եղբոր՝ Մուշեղի հետ դեպքի պահին գտնվել է Վարդան Մամիկոնյան փողոցում գտնվող իրենց տան հարևանությամբ որպես արհեստանոց ծառայող ավտոտնակում: Հախնազարյան եղբայրների հետ է եղել նաև տուժող Մայիս Վ.-ն:

Ըստ մեղադրանքի՝երեքով նշել են ավտոնորոգման նոր սարքավորում գնելը: Գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում Մայիսի ու Մուշեղի միջև վեճ է ծագել՝ «գողական» կյանքով ապրելու «հասկացությունների» շուրջ:

Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Մայիս Վ.-ն սեղանից վերցրել է խոհանոցային դանակն ու պահել է Մուշեղի որովայնի ուղղությամբ: Մհերը միջամտել է՝ ենթադրյալ հարվածը կանխելու նպատակով, բռնել է դանակի շեղբից, ոլորել է Մայիսի ձեռքը, խլել է դանակն ու նույն դանակով՝ «եղբոր պատիվը բարձր պահելու մղումով», հարվածել է Մայիսի կզակին, այնուհետև էլի հարվածներ է հասցրել նրա կզակային, պարանոցի, կրծքավանդակի հատվածներին՝ վնասել է քնային, կոկորդային զարկերակների ամբողջականությունը: Մայիս Վ.-ն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից մահացել է:

Ըստ Մհեր Հախնազարյանի, ինքը մենակ է կատարել սպանությունը, իսկ եղբորը ուղարկել է տուն, ապա փաթաթել է դիակը, կապկպել ու տեղադրել է ավտոտնակի փոսի մեջ…

Ավելի ուշ նա դիակը տարել է Սիլիկյան թաղամասի արդեն նշված ճանապարհահատվածը, գցել է ճամփեզրի փորվածքի մեջ ու այրել է…

Այրված, դեռ ծխացող դիակը հայտնաբերվել է ճամփեզրի փոսի ձախակողմյան հատվածին հենված… Դիակը փաթաթված էր շորով, տեղ-տեղ՝ կպչուն ժապավենով, կապկպված էր մալուխով, մետաղալարով…

Վերին վերջույթները արմնկահոդի մասից ծալված էին, ֆիքսված էին առջևում… Իրանի ձախ մասն ածխացած էր… Դիակի ստորին վերջույթներից մոտ 20սմ հեռավորության վրա պլաստմասսայից շիշ կար՝ «Բջնի» գրառումով: Հետագայում փորձաքննությամբ պարզվել է, որ այս ու նրա հարևանությամբ գտնված շշերի մեջ եղել էր նավթամթերք…

Նույն օրը ժամը 11-ի սահմաններում դիակը ճանաչման է ներկայացվել: 19-ամյա որդու կիսաածխացած մարմինը ճանաչել է հայրը՝ մարմնին առկա դաջվածքներից…. Հայրն է գործով ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ:

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել հեմոռագիկ շոկի արդյունքում՝ պարանոցի աջ և ձախ կողմերի կտրած-ծակած վնասվածքների, քնային ու կոկորդային զարկերակների ամբողջականության հատման հետևանքով: Արձանագրվել են ևս մի քանի ծակած-կտրած վնասվածքներ, որոնք մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն եղել, տուժողի առողջությանը հասցրել են թեթև վնաս:

Տուժողի մարմնի որոշ հատվածներում մաշկի 80-90 տոկոսն այրված է եղել: Այրվածքները հետմահու են՝ բոցի ազդեցությամբ: Չի բացառվել, որ մարմնի՝ համարյա ամբողջությամբ ածխացած հատվածներում էլ լինեին վնասվածքներ, որոնք հնարավոր չի եղել ի հայտ բերել: Մինչև մահը տուժողը սնունդ չի ընդունել, նրա՝ չայրված հյուսվածքներում սպիրտների, թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Դիակը փորձաքննության է ներկայացվել մետաղալարով կապկպված վիճակում…

Մհեր Հախնազարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Մհեր Հախնազարյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց՝ գործի նախաքննության ժամանակ, ճիշտ է, կատարվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, սակայն Մհեր Հախնազարյանի առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտպանական կողմն անհրաժեշտություն է տեսնում, որ Հախնազարյանի նկատմամբ կրկնակի համալիր փորձաքննություն կատարվի՝ պարզելու համար՝ ի վիճակի՞ է նա լիովին ընկալելու դատարանում կատարվող գործողությունները, գիտակցելու դրանք, մասնակցելու դատական քննությանը:

Պաշտպանը տեղեկանք ներկայացրեց քրեակատարողական հիմնարկում Մհեր Հախնազարյանի վարքագծի վերաբերյալ: Համաձայն այդ տեղեկանքի՝ Մհեր Հախնազարյանը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ…

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի վարքագծի փոփոխությունը կարող դիտվել որպես նոր ի հայտ եկած հանգամանք, որի հիմքով կարող է նշանակվել կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Գործով մեղադրողն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, թե նախաքննության ընթացքում իրականացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը որևէ կասկած չի հարուցում, մասնագետները հստակ եզրակացության են հանգել, որ փորձաքննվող Մհեր Հախնազարյանը մեղսունակ է, կարող է ճիշտ ընկալել դատաքննչական գործողությունները, դեպքի կատարման պահին լիովին գիտակցել է իր գործողությունները, աֆեկտի վիճակում չի գտնվել:

Մհեր Հախնազարյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության եզրակացության հոգեբուժական մասում արձանագրված է՝ Մհեր Հախնազարյանը չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նա ճանաչվել է մեղսունակ: Դեպքի պահին նա չի գտնվել նաև պաթոլոգիական աֆեկտի վիճակում, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ…

Նշվել է, որ փորձաքննվողը կոկիկ արտաքին ունի, մանրամասն պատմում է դեպքի մասին՝ նա չի ժխտել կատարածը, հայտնել է, թե տուժողը հայհոյանքներ է տվել եղբորը, սեղանից սկզբում վերցրել է պատառաքաղը, հետո՝ դանակը ու այն պահել է եղբոր որովայնի ուղղությամբ՝ իր կարծիքով՝ փորձել է հարվածել եղբորը, ինքը ոլորել է նրա ձեռքն ու խլել է դանակը, նույն դանակով խփել է տուժողի դնչի տակ: Եղբորը տուն է ուղարկել, փաթաթել է դիակը, դրել է ավտոտնակի փոսի մեջ, իսկ ավելի ուշ հաճախորդի «Օպել» մեքենայով տարել է Սիլիկյան թաղամաս ու այրել է: Փորձաքննվողը շեշետել է, թե նպատակ չի ունեցել դիակն այրելու, ցանկացել է միայն… հագուստներն այրել… Նշել է, թե դեպքի պահին եղել է շփոթված, չի հասկացել՝ ինչ է արել, եթե խմած չլիներ, նման բան չէր անի…

Դատահոգեբան-փորձագետը նշել է՝ փորձաքննվողի գիտակցությունը պարզ է, նա տալիս է բովանդակային պատասխաններ: Մհեր Հախնազարյանը ծնվել է Ռուսատանում 1980 թվականին: Սովորել է մեքենա նորոգելու արհեստ: Ամուսնացել է, կնոջ հետ 11 տարի ապրել է Ռուսաստանում, այնուհետև մենակ վերադարձել է Հայաստան, ապրել է ծնողների ու եղբոր հետ: Հայրը մահացել է: Կատարածի համար փորձաքննվողը զղջացել է: Նա բնութագրվել է որպես անհավասարակշիռ անձնավորություն: Փորձաքննվողին հատուկ են պարանոիդությունն ու շիզոդիությունը: Դրանք հասնում են մինչև անձի շեշտվածության աստիճան: Նման վիճակը հիվանդագին խանգարում չի համարվում:

Ըստ եզրակացության՝ փորձաքննվողը դեպքի պահին գիտակցել է իր գործողությունները, կանխատեսել է դրանց հետևանքները, նա ընդունակ է ճիշտ ընկալել ու վերարտադրել դեպքերը…

Ըստ եզրակացության՝ դեպքի պահին Մհեր Հախնազարյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում՝ բացակայել է աֆեկտին բնորոշ երրորդ՝ ուժասպառության փուլը: Դեպքի պահին ալկոհոլային հարբածության վիճակում գտնվելը նույնպես բացառում է ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը:

Մեղադրողի առարկությանը միացան տուժողի իրավահաջորդն ու վերջինիս ներկայացուցիչը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Հակոբյանը: Փաստաբանը նշեց՝ ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Մհեր Հախնազարյանին հատուկ են բնավորության այնպիսի առանձնահատկություններ, ինչպես օրինակ՝ պարանոիդությունն ու շիզոիդությունը: Նրա ներկա վարքագիծը քրեակատարողական հիմնարկում կապված է հենց բնավորության առանձնահատկությունների հետ, կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը՝ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ Մհեր Հախնազարյանի նկատմամբ կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դատարանում հետազոտվեցին գործի քննության ընթացքում առգրավված իրեղեն ապացույցները՝ լարը, որով կապկպված էր դիակը, մետաղե թիթեղը՝ ծածկոցով, որի վրա գտնվել էր դիակը, սրբիչի, վարագույրի, այլ կտորի պատառներ, փոքրիկ քարեր, երկու պլաստմասսայից շիշ, թանզիֆի խծուծներ, որոնցով դեպքի վայրից նմուշներ էին վերցվել՝ հետագա փորձաքննությունների համար, տուժողի մկանի մի կտորը, որն առգրավվել էր դատակենսաբանական ու դատագենետիկական փորձաքննությունների ներկայացնելու համար, տուժողի այրված հագուստի մնացորդները, որ հայտնաբերվել ու առգրավվել էին ամբաստանյալի տան հողամասում՝ հողի մեջ թաղված վիճակում:

Դատարանը հետազոտեց երկու լազերային սկավառակների պարունակությունը՝ դեպքի վայրի՝ սպանության վայր հանդիսացած ավտոտնակի զննության տեսագրությունը՝ Մհեր Հախնազարյանի մասնակցությամբ, և դիահերձարանում տուժողի դիակը նրա հորը ճանաչման ներկայացնելու տեսագրությունը:

Սպանության վայրում՝ Վարդան Մամիկոնյան փողոցում գտնվող տանը հարակից ավտոտնակում բազմաթիվ արնանման հետքեր են հայտնաբերվել, վերցվել են նմուշներ… Մհեր Հախնազարյանը տեսախցիկի առաջ արտաքուստ հավասարակշռված վիճակում ներկայացնում էր՝ ինչպես է կատարվել սպանությունը, ցույց էր տալիս ավտոտնակի փոսը, որտեղ տեղադրել է սպանվածի մարմինը, այնուհետև իր հաճախորդի «Օպել» մեքենայով, որը մեքենատերը թողել էր Մհերի մոտ, որպեսզի վերջինս կատարի նորոգման աշխատանքներ, դիակը տեղափոխել է Սիլիկյան թաղամաս, գցել է ճամփեզրի փոսի մեջ, յուղ ու բենզին է լցրել դիակի վրա ու այրել է…

Մհեր Հախնազարյանը հայտնել է, թե ցանկացել է վերացնել սպանության հետքերը, նախապես վերցրել է սպանվածի հեռախոսը, շղթան ու խաչը, դրանք նետել է ջրատարի մեջ: Շփոթված վիճակում մեքենայով շրջել է քաղաքում ու պատուհանից դեն է նետել սպանության գործիք դանակը, որտեղ է նետել՝ չի հիշել…

«Օպել» մեքենայի տերը դեպքից երկու շաբաթ առաջ էր մեքենան հանձնել Մհերին, որ նորոգի, վերացնի թերությունները: Մեքենայի հետևի նստատեղը ծալվում էր, հետևի նստատեղին դրված պլաստմասսայի վրա կասկածելի հետք է հայտնաբերվել…

Դիահերձարանում հոր կողմից որդու կիսաածխացած դիակի ճանաչման գործողության տեսագրության հետազոտման ժամանակ դատարանի դահլիճում՝ մեկուսացնող ապակիներից այն կողմ ու այս կողմ տարածվեց որդեկորույս տղամարդու ողբը…

Ամբաստանյալն ամբողջ ժամանակ նստած էր անշարժ ու գլխահակ…