Ուկրաինացի վարսահարդար Օլեգ Մակսակովն իր հաճախորդների մազերը կտրելու շատ արտասովոր մեթոդ է կիրառում. նա սև դիմակով ամբողջությամբ փակում է աչքերն ու, օգտագործելով միանգամից 2 մկրատ, արհեստավարժորեն կտրում հաճախորդի մազերը,-այս մասին գրում է erkusov.com-ը։

Ինչպես նշում է Oddity Central-ը, սկզբում Օլեգի հաճախորդները շատ էին անհանգստանում իրենց անվտանգության համար, սակայն մասնագետի հմտության շնորհիվ այդ վախերն ու կասկածները ժամանակի ընթացքում հօդս ցնդեցին։ Այնուհանդերձ, միակ մարդը, ով վստահորեն Օլեգին է «հանձնում» իր գլուխը՝ նրա մայրն է։

«Ես զբաղվում եմ վարսահարդարությամբ արդեն 10 տարի, և որոշեցի փակ աչքերով ու միանգամից 2 ձեռքով մազեր կտրել՝ ուժերս փորձելու համար։ Սկզբում սովորեցի կտրել ձախ ձեռքով, հետո ձախով ու աջով միաժամանակ, և երբ դա ինձ հաջողվեց, ես այդ ամենին գումարեցի նաև փակ աչքերը։ Սա ոչ թե աշխատանք է, այլ իրական էքստրիմ»,-ասել է Օլեգը։