Աբովյան 3 հասցեում գտնվող հուշարձան-շենքերին հարող տարածքում` Պուշկինի 14 հասցեում, իրականացվող շինարարության վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձան-շենքերի անվտանգությունը ապահովելու նպատակով մինչ շինարարական աշխատանքների իրականացումը պահանջել է հուշարձան-շենքերում կատարել համապատասխան ուժեղացման աշխատանքներ և, հաշվի առնելով տարածքում հուշարձան-շենքերի առկայությունը, կառուցվելիք հյուրանոցային համալիրի նախագծում մշակել համապատասխան ճարտարապետաշինարարական լուծումներ:

ՀՀ մշակույթի նախարարությունն իր իրավասության սահմանում ապահովել է հուշարձանների անվտանգությունը և շինարարության ընթացքում սահմանել հսկողություն:

Հայտնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված տեղեկույթի համաձայն Պուշկինի 14 հասցեում հյուրանոցային համալիրի շինության կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ, համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրվել է փորձագիտական եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և դրանց փոփոխման կարգ»-ի համաձայն:

Ուսումնասիրելով  ՀՀ քաղաքաշինության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված  փաստաթղթերն ու մասնագիտական պարզաբանումները , նշենք, որ բարձրացված հարցը քաղաքաշինական նորմերի տիրույթում է և դուրս է մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակից:

Տեղեկացնենք նաև, որ www.ecolur.org և www.panArmenian.net կայքերում տեղադրված հոդվածներում զետեղված՝ «Մեր ձեռքին է հայտնվել փաստաթղթերի մի փաթեթ, որը վկայում է պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին» տեղեկույթը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին, Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանելու են իրենց ներկայիս տեսքը և, որպես պահպանության լավագույն տարբերակ, օգտագործվել և օգտագործվելու են օրենքով սահմանված կարգով: