Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա «տուն էինք պահում»... Արդեն որերորդ լուրն եմ առնում, թե բա Ռ. Ջաղինյանը կարող է առաջադրվել Հանրային ՀՌԸ խորհրդի անդամի թափուր տեղի համար, և նույնիսկ, պատկերաստավլյայեծե՞, կարող է հաղթի այդ մրցույթում ու նորից մնա ՀՌԸ խորհրդի անդամ: Սիրելի պատմիչներ, էդ լուրջ եք պատմո՞ւմ, թե՞ քարոզարշավի բաղադրիչին եք ինտեգրվել հաճույքով, հանրային կարծիք ստեղծել, բան, թե բա էս անգամ լավ կաշխատի, էս անգամ էլ էս իշխանությանը կծառայի, ինչ է պատահել... Ի՞նչն է ընկած էս կամա-ակամա քարոզի հիմքում: Ոմանք ուզում են հավատ հաստատել, թե կտրած-կապած է, խաղ չկա, դաբրո կա, ուրիշ հավակնորդներ թող դարդ չանեն, թղթեր սարքեն առաջադրվեն հանկարծ... Էդ խմբերգը հո հավերի համար է, սիրելիներս: Երեք բան ասեմ, որ իմ խոր համոզմունքից են:
Ա. Հայաստանի հանրային հեռարձակողն ստեղծման օրվանից, մոտ երկու տասնամյակ եղել է ոչ թե հանրային այլ իշխանական, պրոպագանդիստական, ագիտացիոն, որը բազմակարծություն ապահովելու փոխարեն կտեր է շաղ տվել, գովք առ իշխանություն, հայհոյանք առ ընդդիմություն, թշնամանք առ տարակարծություն և այլն, Մարտի 1-ին բերանները ջուր առած, հասարակական լարումների ու ցնցումների, հանքահենության, Հյուսիային պողոտայի ժողովրդին ծեծելիս ու իրենց տներից լարելիս, Թեղուտի գյուղացիների հողերը զավթելիս, այլախոհներին բանտերում փակելիս ու պահելիս, ընտրակեղծարարության բոլոր փուլերում քոռ ու խուլ ձևացած, իշխանության սազն են բանեցրել, ծաղրուծանակ են կապել իշխանությանը քննադատողների հասցեին: Ի՜նչ հանրային, հանրայինը պատերի տակ հանրայինի չհաղորդած լուրերը համացանցից քաղած կարդացողներն ու քննարկողներն են եղել: Հանրային ՀՌԸ բոլոր նախորդ և գործող խորհուրդները աշխատել են կամ ավելի ճիշտ սպասարկել են Բաղրամյան 26-ի շահը նախ, տակն էլ ինչ մնաց՝ մնաց... Վերջին վեց տարին էլ այդ շահն սպասարկել է Ռ. Ջաղինյանը: Վարչարարության և կառավարման մասին՝ մտքերս: Թարմ օրինակ բերեմ՝ ասենք դեկտեմբերի 19-ին հրաժարական է տվել Հանրային ռադիոյի տնօրենը, ավելի ուշ նաև փոխտնօրենը, անցել է 2 ամսից ավելի ժամանակ, տեսնես ինչու մրցույթ չի հայտարարվել այդ թափուր պաշտոնի համար, ում է սպասել Հանրային ՀՌԸ խորհուրդը, ով կարող է այս հարցին պատասխանել: «Ուղղվելու», «վարքը փոխելու» մասին հեքիաթները կպատմեք ձեր թոռներին, ինձ ու այլոց չկերակրեք դրանցով:
Բ. Ո՞վ պետք է հանրությունից ներողություն խնդրի անունով հանրային, բայց բովանդակության պրոպագանդիստական հեռարձակողին երկու տասնամյակ մեր հաշվին պահելու և տեղեկատվական ապականությունների համար, թե՞ էս մի քանի ամսվա որոշ փոփոխությունները, որ եղան հեղափոխության ճնշմամբ ու հաստատ չէին լինի, թե հեղափոխություն չլիներ, ոմանց կարծիքով գալիս են ջրելու էն տասնամյակների լվացքը հանրային ուղեղի: Բոլորը, որ մոռանան հանրայինի տված վնասները, ես չեմ մոռանալու, թեկուզ պարզվի սուրբ են եղել կառավարիչները: Մեկը, մի մարմին պիտի լինի՞ վերջապես, որ ելնի արժանանապատվությամբ ներողություն խնդրի երկու տասնամյակի այլանդակության համար: Ու հանկարծ չհամարեք, թե ներողությունն արդար հատուցումն է երկրին տված վնասների ու դրանից հետո բոլորը կույս են հայտարարվելու:
Գ. Հայաստանի իսկական Հանրային հեռարձակող ունենալը 20 տարի եղել է իմ և շատերի երազանքը, մեղմ ասած: Մեզ էս տարիքում «երազանք» բառը երևի չի սազում, բայց կարոտ մնացինք իսկական հանրայինի: Սա շատ բարդ գործընթաց է, հինը երկու ոտը մի կոշիկ դրած չի ուզում նահանջել, ուզում է մնալ, պատերի տակ ողբում է, թե բա ժամանակներն էին այդպիսին, մենք մեղավոր չենք, տուն էինք պահում... Ընչի մենք հավ էինք պահո՞ւմ, էդ ո՞նց եղավ, որ մեզ չկարեցան առնել ու ծախել, որ լուռ մնանք ու ստենք: Կամ հարյուր անգամ զգուշացրել ենք, թե գիտենք հետո ինչ եք լալու, թարգեք հիմա, չեն թարգել, տուն էին պահում, որովհետև: Հիմա էլ չեն ջոկել, որ հոտածը հականեխելու ժամանակն է: Որքան էլ դժվար լինի, որքան էլ ղժժոց լինի, մենք սարքելու ենք իսկական Հանրային հեռուստառադիոընկերություն: Ի՞նչ է դա, վերջապես: Դա կատարյալ բազմակարծություն ապահովող մեքենա է, մեր՝ հարկատուներիս հաշվին, որ պիտի ծառայի մեզ, դա հզոր զանգվածային լրատվական, վերլուծական, կրթական, իրազեկման, մշակութային մեխանիզմ պետք է լինի, որ հանրային բոլոր գաղափարները համաչափորեն հասցնի ամենքին, առանց ագիտացիոն, պրոպագանդիստական, թշնամական, ատելության, բթացման, հետադիմական համախտանիշերի: Ու դա ֆանտաստիկա չէ: Հանրային ՀՌԸ խորհրդում պետք է լինեն առաջադեմ, լայնախոհ, մարդկանց ազատությունները հասկացող և անվերապահորեն հարգող, անձնական և մասնավոր շահը հանրայինին ստորադասած մարդիկ: Հանրային ՀՌԸ խորհուրդը ակադեմիական բարձրության ատյան պիտի դառնա և լինի ակնածանքի առարկա: Եթե այդպիսին եղավ խորհուրդը, իր հեռուստատեսությունների և ռադիոկայանների իր ընտրած տնօրեններն էլ այդպիսին կլինեն, նրանց ընտրած խմբագիրներն էլ, լրագրողներն էլ, ստեղծագործողներն էլ այդպիսիք կլինեն: Ու հալալ կլինի իրենց առած փողն ու հանրային վստահությունն իրենց: Այդպես պիտի լինի, որ գրաքննություն ու ինքնագրաքննություն չլինի այլևս: Վերջացավ: Մեկ էլ չտեսնեմ հանկարծ ճենճաբարո, հետադիմական կամ արդեն հակահեղափոխական հնարքներ բանեցնի մեկը կամ մի քանիսը: Իմ անդորրը չխռովեք ախմախ քարոզով, խնդրում եմ, պարապ չենք, նալ կշինենք, զահլեքս գնաց»: