Yelaket.am-ի զրուցակիցը դերասանուհի Լուսինե Վարդանյանն է, ում հետ զրուցեցինք թատրոնի, դերասանների, կյանքի ամենամեծ հիասթափության և ամենաերջանկացնող ուրախության մասին:
-Ձեզ հոգեհարազատ է թատրո՞նը, թե՞ կինոն:
-Եթե փորձեմ համեմատություն անել,կասեմ թատրոնը <<դասականն>> է, կինոն՝ <<սպորտայինը>>:Եթե տիրապետում ես և ունես դասականը, մնացածը խնդիր չի: Երկուսն էլ հոգեհարազատ են իրենց ձևի մեջ, երկուսն էլ անհրաժեշտ են դերասանին լիարժեք լինելու համար, բայց առանց թատրոնի, կինոյում դերասանը , ըստ իս ՝ կանգնում է առանց դասական հիմքի:
-Ինչի՞ կնմանեցնեիք թատրոնը:
-Եկեղեցու...
Թատրոնում թե՛ դերասանը,թե՛ հանդիսատեսը պիտի <<մաքրվեն>>,կատարսիզի ենթարկվեն, հոգևոր բավարարվածություն ու հանգստություն պիտի զգան,պիտի կրթվեն,մի աստիճան վերև պիտի բարձրանան առօրյա կյանքից:
-Ո՞ր դեպքում դերից կհրաժարվեիք:
-Կարևոր դերից հրաժարվել եմ երեխայիս համար,երբ ուղղակի պիտի իր կողքին լինեի՝ իրավիճակից ելնելով,մնացածը լուծելի հարցեր են:
-Ո՞վ է Դրամատիկական թատրոնի ամենատաղանդավոր դերասանը:
-Դժվարանում եմ մեկին նշել.մեզ մոտ տաղանդավոր դերասանների ծաղկաբույլ է:
-Համամիտ եք, որ աշխարհում ամենաանկայուն մարդիկ դերասաններն են:
-Ոչ,համաձայն չեմ:Էմոցիոնալ,բայց ոչ անկայուն:Կարող են ինչ-որ հարցի շուրջ բուռն արձագանքել,բայց ոչ անկայուն:Դերասանի նյարդերը <<բաց>> են, այլապես չեն կարողանա մտնել տարբեր բնավորության,կերպարների մաշկի տակ:
Դերասանները զգում են շատ նուրբ բաներ և շատ հարցերում դրա շնորհիվ ճիշտ լուծումներ են տալիս:
Ինչպես ասել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին <<Գլխավորը աչքով չես տեսնի,միայն սիրտն է սրատես>>:
-Ինչի՞ց են ծնվում մեծ պատմությունները:
-Շատ փոքր պատճառներից,որոնք մեծանում,կուտակվում,դառնում են մեծ պատմություններ:
-Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը:
-Հարազատի դավաճանությունը:
-Իսկ ամենաերջանկացնող ուրախությունը:
-Աղջիկս,հարազատներիս առողջությունն ու ներկայությունն իմ կյանքում:
-Վիշտը փոխում,թե՞ բացահայտում է մարդուն:
-Բացահայտում է: Մարդը չի փոխվում,ուղղակի տարբեր իրավիճակներում իրեն տարբեր կերպ է դրսևորում:Եթե ծայրահեղ իրավիճակ է կամ դժբախտություն,մարդու մոտ սրվում է իրական բնույթը:Եթե չար է,ավելի է չարանում,եթե ուժեղ է,չի թուլանում,սկսում է պայքարել:Եթե բարի է,աշխատում է իրավիճակում գտնել լավ կողմ և դրանով ապրել և այդպես ավելի է բացահայտ դառնում ով լինելը:Կարծում եմ՝ բացահայտում է:
-Արդյոք մտերմությունը ժամանակի ընթացում հակված է սպառվելու:
-Այո,բայց , իհարկե ոչ բոլոր դեպքերում,եթե երկու հոգի հանդիպում և մտերմանում են (կապ չունի հակառակ սեռ,թե ընկերուհի կամ ընկեր),եթե նույն տեսակի մարդիկ են և նայում են նույն ուղղությամբ,դժվար թե սպառվի,իսկ եթե քոնը չեն լինում մեկը կամ մյուսը՝ ժամանակի հետ մաքրվում , մնում են նրանք,ովքեր քոնն են և երբեք չեն սպառվի:
-Ե՞րբ է երիտասարդության և սիրո մեջ ամեն ինչ արդարացված:
-Երբ երկուսն էլ առողջ են:Առողջ սիրո և երիտասարդության համար արժի շատ բան անել և զոհել:
-Անտուան դը Սենտ-Էքզյուպերին կարծում էր, որ պետք չէ ստուգել ընկերներին,քանի որ նրանք չեն անցնի փորձությունը:Իսկ Դու՞ք:
-Ես Էքզյուպերի շատ եմ սիրում,բայց գտնում եմ,որ ուժեղը,կամեցողը,արդարն ու բարին ամեն փորձություն էլ կանցնի:
-Ամուսնությունը պե՞տք է երջանիկ գործառնություն լինի:
-Ինչ - որ տեղ՝ այո:Բայց չի կարող դա հիմք լինել,հիմքը մեծ սերն է:
-Ո՞րն է ճշմարիտ սերը:
-Երբ հիմքում հարգանքն է,մնացածն անբացատրելի է,ասում են՝ ճշմարիտ սերը երբեք չես կարող վերլուծել,վերծանել,ասել,թե ինչի համար ես սիրում:Սերը կամ կա,կամ չկա:Եվ մի շատ կարևոր բան,ճշմարիտ սիրո համար անհնարինն ես անում,երբ ուրիշի համար երբեք չէիր անի:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդկանց,ում կյանքը կանգնեցրել է ակնհայտ դժվարությունների առաջ:
-Ուժեղ լինել,բարի աչքերով նայել կյանքին,պայքարել,որովհետև մարդիկ կան,ովքեր ուղղակի երազում են արև տեսնել,բայց ժամանակը կարճ է կյանքի,յուրաքանչյուր իրավիճակում մարդ պետք է լավ կողմից նայի հարցին ու կառչի դրանից,առաջ գնա:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: