«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցությունը գնալով վտանգավոր է դառնում պետության համար: Երեկ այս կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով փաստին, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից երկուսը` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, դեռ անազատության մեջ են, ուղղակի սպառնալիք է հնչեցրել իշխանություններին:

«Լռելու եւ ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարել է նա:


Այլ կերպ ասած, Սեֆիլյանն իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել՝ բաց տեքստով հասկացնելով, որ հարկ եղած դեպքում կրկին կդիմեն զենքի. մի փաստ, որ պետք է լրջորեն մտահոգի իշխանություններին:

Ի վերջո, «Սասնա ծռերը» բազմիցս ցույց է տվել՝ իրենք ամենեւին չեն զղջում, որ իրենց պետական ահաբեկչություն հիշեցնող գործողություների հետեւանքով զոհվել է երկու ոստիկան, ու արդարացնում են կատարվածը, իսկ հիմա նաեւ սպառնում: Նրանց պահվածքը հասկանալի է. հատարարելով կուսակցութուն դառնալու մասին` նրանք չկարողացան կայանալ քաղաքական դաշտում եւ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում չափազանց քիչ քվե էին ստացել՝ հազիվ 1.5 տոկոս:

Միաժամանակ ակնհայտ է, որ նրանց մեծ մասի նկատմամբ չի տարածվի 2018թ. ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ տուժողներից երկուսն առարկել են: Ու «Սասնա ծռերի» անդամներն իրենց ապագա բանտարկությունը կանխելու համար փորձում են դիմադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում