Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հայտարարել է, որ մարտի 11-15-ը մեծ զորավարժություն է պլանավորում անցկացնել։ Նախօրոք այդ մասին չեն հայտնել միջազգային ատյաններին, թեպետ պարտավոր էին։
Որևէ արտառոց բան չկա․ ավելի մեծ թվով զինուժի և տեխնիկայի ներգրավմամբ զորավարժություններ են անցկացրել և՝ խախտելով միջազգային իրենց պարտավորությունները, էլի չեն հայտնել դրանց մասին։
Սակայն չգիտես ինչու, մեր ՊՆ-ի հայտարարությունում այս զորավարժությունը կապել են Փաշինյանի հետ․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»։
Կասկած ունեմ, որ Փաշինյանը որոշել է ներքին դաշտում մեկը մյուսին հաջորդող սկանդալներից ուշադրությունը շեղել, թեպետ, կրկնում եմ, որևէ արտառոց բան չկա, որ Ադրբեջանն այսպիսի զորավարժություն է անում առանց նախօրոք հայտնելու։
Ամիսներով գրել եմ (ու ոչ միայն ես եմ գրել), որ վերելակում Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններով ոգևորվել պետք չէ, բազմիցս զգուշացրել եմ, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահին։ Փոխարենը իշխանական քոմենթչիներն ու քարոզիչները փորձում էին մեզ գիժ հանել․․․
Հա, ի դեպ, Փաշինյան-Ալիև հանդիպում կարծես թե դեռ հստակ պլանավորված չէ (համենայն դեպս չի հայտարարվել այդ մասին), և անհասկանալի է, թե այդ ինչ «հանդիպման կոնտեքստ է»։ Ավելին՝ Փաշինյանը ազատագրված տարածքը չզիջելու մասին որևէ հայտարարություն չի արել, Վանեցյանն է արել։
Բայց նույնիսկ այդ դեպքում դժվար թե դրան ի պատասխան 10 հազարանոց ոչ պլանային զորավարժություն սկսեին»։