Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ, որի հեղինակը Կենտրոնական բանկն է: Այս նախագծով գրավատների համար պետական տուրքը ներկայիս 100 հազար դրամի փոխարեն սահմանված է 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարի փոխարեն 3 մլն դրամ:

«Սա ոչ համաչափ մոտեցում է: Եթե բանկերի ու վարկային կազմակեպութնունների տարեկան պետտուքը բարձրացվում է կրկնապատիկ կամ 2.2 անգամ, թող նույնը վերաբերի գրավատներին ու փոխանակման կետերին: Մեր պետտուրքը 2.2 անգամի փոխարեն բարձրացնում են 60 անգամ, այսինքն՝ 6000 տոկոսով: Այս մոտեցումը կհանգեցնի մենաշնորհների, տոկոսների բարձրացման, մանր ու միջին բիզնեսի վերացման, խոշորների էլ ավելի խոշորացման»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Նրանք համոզված են, որ այս փոփոխությունները վարչապետին մանրամասն չեն ներկայացրել: Եթե վարչապետն իմանա, ըստ ակցիայի մասնակիցների, համահարթեցման մոտեցում կկիրառի բոլոր կազմակերպությունների նկատմամբ:

«Եթե նախագիծը հաստատվի, գրավատների ու փոխանակման կետերի 95 տոկոսը փակման եզրին են»,- նախազգուշացրին ակցիայի մասնակիցները: