Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը:  Դատարանում գործով ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով դատարանին փոխել իր խափանման միջոցը: Նա ասաց, որ մյուս երկու ամբաստանյալները՝ Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը, դատարանում հայտարարել են, որ ինքը գործի հետ կապ չունի: Այս մասին տեղեկանում ենք   168.am-ից: Նաև ասաց, որ եթե ինքը ցանկություն ունենար փախչելու, դա կաներ այն ժամանակ, երբ գործով ամբաստանյալներին նոր էին կալանավորել և երբ նրանք դեռ ցուցմունքներ չէին տվել: «Իմ դեմ ուղղակի և անուղղակի ապացույցներ չկան»,- ասաց նա: «Ակնհայտ է, որ դուք անմեղ մարդուն պահում եք բանտում»,- հավելեց ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստում Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել էր նման միջնորդություն, սակայն գործով դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր այն: Դատավորն ասաց, որ դատաքննության ընթացքում միևնույն միջնորդությունը կարող է քննարկվել այն դեպքում, երբ կան նոր փաստարկներ կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարման անհրաժեշտությունը, և  քննության չառավ միջնորդությունը: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց քրեական գործով կենսաբանական փորձաքննություն անցկացնել: Նա միջնորդում էր կենսաբանական փորձաքննության ենթարկել դեպքի վայրից հայտնաբերված արնանման հետքերը, պարզել՝ արդյո՞ք դրանք արյուն են, թե՞ ոչ, եթե դրանք արյուն են, ապա պատկանո՞ւմ են Պարույր Հայրիկյանին, թե՞ մեկ այլ մարդու: Պաշտպան Լ. Ավետիսյանը միջնորդեց նաև  դատատեխնիկական փորձաքննություն, որով կպարզվի, թե  «Վազ 21 99» մակնիշի մետքենայի վրա ի՞նչ տեսակի հակաառևանգման համակարգ է գործում, կարո՞ղ էր այն գործել, երբ սպոյլերը ջարդվեր, այն ի՞նչ պարերականությամբ և ի՞նչ ձայներ է արձակում, մեքենայից ձայնը ի՞նչ հեռավորության վրա է լսելի: Նշենք, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտնել էր, որ առաջին կրակոցից հետո Պարույր Հայրիկյանը հարվածել է նշված  մեքենային, որի անվտանգության ազդանշանը միացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ 168.am