2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետեւանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն խուլիգանական դրդումներով) եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Նա Գյումրիից էր։ Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, ձերբակալվել է նրա համածառայակիցը։