Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,- գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։
Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։
Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն։