Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն: Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը 55 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից:

Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, որից 32 մլն ԱՄՆ դոլարն ապահովվել է Ամերիաբանկի կողմից:

«Այս գործարքով հայկական բանկերը միջազգային ֆինանսական հանրությանն ապացուցեցին նման բարդ գործարքներ իրականացնելու, ինչպես նաև տեղական ֆինանսական ռեսուրսները միջազգային գործարքների ֆինանսավորման համար համախմբելու իրենց կարողությունը: Բացի այդ, գործարքը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է միջազգային կապիտալի և ներդրումների համար», - ասաց Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Ուրախ ենք, որ այս գործարքով մենք դարձանք Հայաստանում առաջին խոշոր օտարերկրյա ներդրողը հեղափոխությունից հետո: Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարումը առանցքային դեր ունեն մեր ընկերության մշակույթում, ինչպես նաև ռազմավարության և գործունեության մեջ: Դրանք համահունչ են Հայաստանում գործունեության թափանցիկության ապահովման նոր ձևավորված սկզբունքներին: Հայաստանը մեզ համար բիզնես գործունեություն ծավալելու հիանալի հնարավորություններ է ընձեռում», - նշեց «Չաարաթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արտեմ Վոլինեցը:

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ,պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: