ՀՀ ՊՆ  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«.....Սկզբնական շրջանում այն մի բանակ էր, ուր չունենալով հակատանկային արդիական միջոցներ՝ փորձում էին հակառակորդի տանկերը ոչ թե ոչնչացնել, այլ… անվնաս վերցնել, որպեսզի դրանցով կռվեին հակառակորդի դեմ, ուր չկային հակաօդային պաշտպանության սպաներ, սակայն ֆիզիկայի ու մաթեմատիկայի երիտասարդ, բայց բարձրակարգ մասնագետները մեկ-երկու շաբաթում տիրապետելով կայանքներին՝ սկսում էին հակառակորդի ռազմական ինքնաթիռների խոցումն ու արգելում նրա օդուժի խնդրի կատարումը, սակրավորների գործը կատարում էին պայթեցումների մասնագետները, իսկ մարտական խնդրի կատարման մեկնող զինվորական ուղղաթիռները վստահվում էին... 18 տարեկան տղաների:
Այն մի բանակ էր, ուր զենքի և զինամթերքի բոլոր միջոցների պակասի պատճառով հրետանավորները ստիպված սովորեցին մեկ արկով խոցել նշանակետը, կամավորները՝ նույնիսկ ամենածանր մարտերի ժամանակ մենահատ կրակել, կադրային կրթություն ունեցող սպաների մեծ մասը... խորհրդային բանակում երկարամյա ծառայությունից հետո անցել էր թոշակի, որպեսզի հետո կամավոր վերադառնար պատերազմ, իսկ անչափահասների՝ կռվող ստորաբաժանումներում ընդգրկվելն արգելելու համար անհրաժեշտ էր ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանագիրը: 
Այն մի բանակ էր, որն ամեն անգամ սկզբում ի զորու չլինելով ռազմատեխնիկական հարթությունում որևէ կերպ արձագանքել մեկը մյուսի ետևից հակառակորդի կիրառած նոր զինատեսակներին և դրանցով պայմանավորված նոր մարտավարությանը, հատկապես սկզբնական շրջանում շարունակում էր կռվել նույն մտածողությամբ ու հոգեբանությամբ, այն է՝ որքան էլ ծանր ու անհույս թվացող իրավիճակ լինի, մարտիկը պարտավոր է պահել իր դիրքերը և ձգտել լռեցնել դիմացինի կրակակետերը: Ու ԼՂՀ շուրջ այսօր գոյություն ունեցող անվտանգության գոտին այդ մտածողությունն ունեցող, ռազմագիտական առումով ակնհայտ իրողությունները ՙչհասկացող՚ մարտիկների նվիրումով ու կյանքերով նվաճվեց: Եվ հակառակորդի սպառազինության գործողությունների շառավղի յուրաքանչյուր ընդլայնմանը, վերջին հաշվով, հետևեց... հայկական ուժերի վերահսկողության գոտու ընդլայնումը: 

Հատված Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի "Հայկական բանակի 20 ամյա տարեգրությունը" գրքից: Այս տողերում շատ խոսքեր կան որոնք ավելի քան ճիշտ են և ավելի քան արդիական այսօր: Ծնունդտ շնորհավոր արժանի ազգի արժանի զավակ....»