Վաղը՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /թիվ 3 նիստերի  դահլիճ/ նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Նախորդ դատական նիստի ընթացքում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ներկայացրել են իրենց հայցը, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հանդես է եկել հայցի վերաբերյալ առարկություններով: Նշանակված դատական նիստին կհետազոտվեն գործում առկա ապացույցները: Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:

hcav.am