Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։
Ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ և այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր ջրասուզակի օգնությամբ ու ճոպանի միջոցով վերամբարձ կռունկով վճարային տերմինալն այնտեղից դուրս են բերել։ Ըստ տեղեկությունների, նշված տերմինալն այս տարվա մարտի 13-ին անհայտ անձը կամ անձինք գողացել էին Նոր Նորք վարչական տարածքից։ Փաստի առթից ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։