Մարտի 26–ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված 21-ամյա ժամկետային զինծառայող Արա Առաքելյանը Արցախից էր՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքից։
Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն էլ Հադրութից է։
NEWS.am–ի հետ զրույցում Խնապատի համայնքապետ Սամվել Շահրամանյանը հայտնեց, որ Արան երկու եղբայրներից կրտսեր էր եւ 100 օրից զորացրվելու էր։
Նա նշեց, որ Արայի հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում եւ Ռուսաստանում է իմացել որդու մահվան մասին։
«Խելոք տղա էր, իրեն նորմալ է դրսեւորել»,–ասաց համայնքապետը՝ նշելով, որ սպանության շարժառիթն իրեն հայտնի չէ։
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու եւ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը։