Հունիսի 29-ին Թումանյան փողոցում հնչած կրակոցներից հետո հետո կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, որ հերթական անգամ քաղաքի կենտրոնում արձակված կրակոցների հետ առնչվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի որդին։
«Ժողովուրդ» այս կապակցությամբ զրուցել է Սուրեն Խուդոյանի, ինչպես նաև նրա որդու՝ Ալբերտ Խուդոյանի հետ։ Ներկայացնում ենք հարցուպատասխանը կրճատումներով.
Զրուցակիցը՝ Սուրեն Խուդոյան
–Իմ որդին այս ամեն ինչի հետ կապ չունի։ Այդ մարդը միգուցե իմ ազգանվան հետ նմանություն ունի կամ, առհասարակ, ես նայում եմ այդ տեղեկությունը՝ նշված է Խադոյան։ Այս պահին որդուս հետ միասին նստած զրուցում եմ, և ինքը որևէ պատմության մեջ չի ընկել։
–Լավ, ենթադրենք՝ ազգանունը համընկավ, բայց անունն էլ է համընկնում։ Այս մասին ի՞նչ կասեք։
–Ի՞նչ անեմ։
–Ըստ տեղեկությունների՝ Ձեր հայրը՝ Ալբերտ Խուդոյանը, կատարվածից հետո նույնիսկ գնացել է ոստիկանություն և բոլորի ներկայությամբ ապտակել իր թոռնիկին։
–Հայրս 75 տարեկան մարդ է։ Նա ոչ մի տեղ չի գնացել, այն էլ գիշերվա այդ ժամին։ Այդ ով է հորինել, ինչի համար են հորինել՝ չգիտեմ։ Իմ տղան նման բան չի կարող անել, եթե նա անգամ այդ ժամերին դուրս է գալիս տանից, ապա մենք ընտանիքով ենք ինչ-որ մի տեղ գնում։
–Ինչո՞վ է զբաղվում Ձեր որդին։
–Որդիս 24 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան։ Աշխատում է ընկերոջս հետ հիմնարկում՝ որպես էքսպորտ– իմպորտի տնօրեն։ Ամուսնացած չէ, հեսա մի ամսից էլ ամուսնացնելու ենք։
–Դեպքի վայրում եղած մեքենայից հայտնաբերվել են զենք, դանակ։ Հետաքրքիր է՝ Ձեր տղան օրինական զենք ունի՞։
–Ո՛չ, ոչ, չունի։ 24 տարեկան տղան օրենքով թույլատրված ի՞նչ զենք պետք է ունենա։
–Դե միգուցե ոստիկան հայրն օգնե՞լ է։
–Ո՛չ, եթե Դուք մտածում եք, որ իմ ասելով որևէ մեկը կարող է զենք տալ, ապա սխալվում եք։ Այդպիսի բաները շատ բարձր ատյաններում են որոշվում, ու արժանավոր մարդկանց են պարգևատրում։
Զրուցակիցը՝ Ալբերտ Խուդոյան
–Ալբերտ, հունիսի 29-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, որտե՞ղ եք եղել։
–Տանն եմ եղել և պետք է ասեմ, որ այն տեղեկությունները, որ տարածվել են... ամենակարևորը, դա ես չեմ եղել։
–Ուզում եք ասել, որ Ձեր ընկերների հետ այդ ժամերին դրսո՞ւմ չէիք։
–Չէ, ընկերների հետ ուրիշ տեղ կա, ուրիշ ժամ կա, և հետո զանգահարում և ասում էին հայրիկիս, որ ինչ-որ ակումբի մոտ է եղել այդ դեպքը։ Մի խոսքով արդեն խայտառակություն է, և չափն անցնում են։
–Էրիկ, էդգար, Մերի անունով ընկերներ չունե՞ք։
–Չէ, այդ մարդկանց չեմ ճանաչում։
–Ըստ տեղեկությունների՝ հնչած կրակոցներից հետո, երբ բերման եք ենթարկվել, Ձեր պապիկն է եկել ոստիկանություն և ապտակել Ձեզ։
–Պապիս դժվար թե տենց բան աներ, և նա այդ ժամին տունն է եղել։
–Ասում են, որ պապիկդ բիզնեսմեն է, ու դուք միասին եք աշխատում։
–Չէ, որ ասեմ՝ ինքը բիզնեսմեն է, այդպես չէ։ Ես ու պապիկս իրար հետ ենք աշխատում։ Հյուրանոցային համալիր ունենք (հայր Խուդոյանն այլ աշխատանքի վայր մատնանշեց–«Ժողովուրդ»)։
–Մեր տեղեկություններով՝ դուք Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում զենքի խանութ ունեք։
–Այո՛, ունենք, և այն պատկանում է մեր ընտանիքին։ Ավելի ճիշտ ներկայացնեմ, որ ինքը զենք-զինամթերք չէ, այլ որսորդական պարագաների խանութ է։ Զենք-զինամթերք մարդիկ, չգիտես ինչու, միշտ հասկանում են մարդասպանների զենք։ Նշեմ, որ այնտեղ ես գրանցված աշխատող եմ որպես մենեջեր։