Երեկ՝ հուլիսի 1-ին, Արամ Խաչատրյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ՀՀ Դատախազության 95-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մարզպետեր, մի քանի այլ երկրների Դատախազության պատվիրակություններ, այդ թվում՝ ՌԴ դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ, ինչպես նաև Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արչիլ Կաբիլաշվիլին: Միջոցառմանը ներկա էին նաև Ղազախստանի, Չեխիայի, Կիպրոսի, Մոլդովայի, Չինաստանի, Բելառուսի գլխավոր դատախազները, ինչպես նաև Գլխավոր դատախզների խորհրդատվական խորհրդի գլխավոր քարտուղար Լեոնիդ Երմոլաևը և Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Դերկ Կուիպերսը:

Միջոցառումն սկսվեց Հանրապետության հիմնով: Ապա ներկայացվեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ դատախազությունն իր մեծ ներդրումն է ունեցել միջազգային բազում օրինախախտումների բացահայտման գործում: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի դատախազությունը ներգրավվել է անդրազգային այնպիսի հանցագործությունների բացահայտման գործում, ինչպիսիք են թրաֆիքինգն ու փողերի լվացումը: Խրախուսելի է նաև, որ Հայաստանի դատախազությունը բազմաթիվ երկրների հետ համաձայնագրեր է կնքել, արտասահմանյան երկրների համապատասխան կառույցների հետ: Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական գործունեության մեջ և առողջություն Ձեզ և Ձեր ընտանիքներին», - ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Միջոցառմանը ներկայացվեց նաև նախագահի կողմից հատկացված հրամանագրերը՝ պետական պարգևներ հանձնելու մասին, ինչպես նաև պետական աստիճան շնորհելու մասին: Այսպես՝ Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվեց Կոտայքի մարզի դատախազը:

ԱԺ-ի շնորհավորական ուղերձում ասվում է.  «ՀՀ դատախազությունը մեծ ճանապարհ է անցել, և այդ ճանապարհը  մշտապես ուղեկցվել է քաղաքացիական հասարակության ձևավորմամբ: Շնորհավորում ենք դատախազությանը մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում ենք բեղմնավոր աշխատանք»: Կառավարության  խոսքում ասվում է, որ մշտապես արվելու են բոլոր քայլերը՝ դատախազության գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: