Արցախցի Անդրեասյանների ընտանիքի բնականոն կյանքը խախտվեց 2016թ․-ի ապրիլի 2-ին, երբ դպրոցի բակում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացավ ընտանիքի միջնեկ զավակը՝ 12-ամյա Վարդանը։
Դասերից մշտապես ուշացող Վարդանն այդ օրը, չգիտես ինչու, որոշել էր շուտ գնալ դպրոց։ Ընկերոջ՝ Գեւորգի հետ դպրոցի բակում զրուցում էին, երբ առաջին արկն ընկավ հենց նրանց կողքին։ Պայթյունի ձայնից Վարդանի մայրը դուրս էր վազել բակ ու հեռվում տեսել որդուն՝ նստած։ Սկզբում տիկին Նուշիկին թվացել էր՝ Վարդանը վախից է նստել։
«Վարդանն ասում էր՝ մամ, արի, չեմ կարա գամ, ես էլ ասացի՝ այ տղա, մի վախեցի, վեր կաց արի, գնացի, տեսա՝ էլ ինչ, խեղճ երեխաս Գեւորգի հետ գետնին ընկած, սաղ արյունլվա․․․ երեխես ինձ էր ասում՝ մամ, մի վախեցի, բան չկա, մի վախեցի․․․ Վարդանին ու Գեւորգին առաջին բուժօգնություն եմ ցույց տվել, կապել եմ վերքերը, որ չարնահոսեն, հետո էլ 15 տարեկան տղաս եկավ ու երեխեքին տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմում է տիկին Նուշիկը։
Վարդանին ու Գեւորգին առաջին օգնությունը Մարտունու շրջանային հիվանդանոցում են ցույց տվել, որից հետո տեղափոխել են Ստեփանակերտ։ Ու դեպքից 3 տարի անց էլ տղան ամբողջությամբ չի ապաքինվել։ Այս ընթացքում կրկին վիրահատության է ենթարկվել․ «Այստեղից շատ դժվար է անընդհատ Ստեփանակերտի հիվանդանոց գնալ ու գալ, երբեմն մեքենա էլ չենք գտնում․․․ սկզբում Վարդանի համար դժվար էր էստեղ վերադառնալը, վախենում էր, բայց որ եկանք, քիչ-քիչ հարմարվեց։ Իհարկե, էս ապրումներից Վարդանի մոտ խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել, լոգոպեդի մոտ ենք հաճախում, հոգեբանն էլ ասում է՝ պիտի փոխեք միջավայրը, որ ոչինչ չհիշեցնի այդ օրը, բայց ո՞ւր գնանք․․․»։
Լոգոպեդի եւ հոգեբանի մոտ հաճախելու համար Վարդանը ստիպված է Երեւան հասնել։ Մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն մի քանի ամսվա բուժման կուրս անցնել, որպեսզի արդյունավետ լինի, բայց ընտանիքն այդքան միջոցներ չունի, իսկ պետությունից էլ որպես ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվածի ընտանիք՝ որեւէ աջակցություն չեն ստանում։
Խոսակցությանը Վարդանն է միանում, ցույց է տալիս գնդակն ու հպարտությամբ ասում՝ Հենրիխ Մխիթարյանն է նվիրել։ Ֆուտբոլի սիրահար է Վարդանը, ու չնայած ոտքն ամբողջությամբ չի լավացել, շարունակում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։
«Շատ էի ուզում Հենրիխին տեսնել, մի անգամ ինձ կանչեց Երեւան ու տվեց այս գնդակն ու իր հագուստներից մեկը, իմ սիրելի ֆուտբոլիստն է, լավ է խաղում»,- ասում է Վարդանը։
Առողջական խնդիրները Վարդանին չեն խանգարում զբաղվել սպորտով, հիմա բռնցքամարտ է պարապում։ Մի քիչ դժվարանում է, բայց մարտական է տրամադրված, ասում է՝ պիտի ավելի ուժեղանա։ Չնայած հայրը 27 տարվա զինվորական է ու տան հիմնական թեման բանակն է, Վարդանը որոշել է՝ ծրագրավորող է դառնալու։
Զրույցի ավարտին միասին քայլում ենք դեպի դպրոց, Վարդանը մեզ ցույց է տալիս, թե այդ օրը որ արկը որտեղ է ընկել, ընդհանուր առմամբ, զորամասի հարեւանությամբ գտնվող դպրոցի դիմաց ընկել է 4 արկ, եւս 1-ը՝ հետնամասում։ Այնտեղ, որտեղ զոհվել է 12-ամյա Վաղարշակն ու վիրավորվել Գեւորգն ու Վարդանը, այսօր հուշարձան է տեղադրված։ Դպրոցի բակում տեղի ունեցած ողբերգությունից հետո ավանի բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել, երեխաներին չեն թողնում երկար բակում մնալ ու խմբերով միմյանց հետ խաղալ։