Մի ժամանակ օրենք կար՝ կաշառք տվողը նույնպես քրական պատասխանատվության էր ենթարկվում։ Չգիտեմ՝ այդ օրենքn ինչքանով էր լավը կամ վատը, բայց որ վերևներում մարդու գլխին «գործ չէին կարող սարքել», փաստ էր։
Վերևներից պաշտոն են խոստանում կամ պաշտոնին մնալու խոստում տալիս և ուղարկում այն մարդու վրա, որը թիրախային է իրենց համար։ Նման գործերի ականատեսն ենք հիմա, երբ «գործ տվողը» պաշտոն է ստանում կամ արժանանում այլ խրախուսանքի։ Սա խողովակ է իշխանությունների համար, լրացուցիչ ճնշման մեխանիզմ։ Դա ոչ մի լավ բանի չի բերի՝ մարդիկ իրենց չարությունը, բացասական տրամադրվածությունը, տարիներով կուտակված նախանձն արտահայտում են «գործ տալով»։ Հարևանս ավելի լավ է ապրում՝ «գործ տամ», նա ինձնից լավ մասնագետ է՝ «գործ կարեմ»․․․
Նախկինում «գործ տվողին շատ վատ աչքով էին նայում», նույնիսկ շեմից ներս չէին թողնում։ Վերջին շրջանում ոնց որ նման բաների հանդեպ հանդուրժողական են շատերը դարձել, որովհետև իրենց թվում է, թե իրենք մնալու են «կույս վիճակում», իրենց վրա գործ տվող չի լինելու։
Անցնեմ բուն թեմային։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մասին եմ խոսելու, ում «բարյացակամության շնորհիվ» ԱԱԾ-ն ձերբակալել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Խոսքը վերաբերել է առողջապահության պետպատվերի գումարների վերաբաշխմանը։ Սիլվա Համբարձումյանի հոտն է փչում։ Սա բնավ չի նշանակում, որ արդարացնում եմ կաշառք վերցնելը, հազար ոչ, վերցնողը նույն խողովակով էլի վերցնում, վերցնելու է, խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Ուղղորդված «գործ տալը» ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Չեմ ուզում անգամ իմանալ, թե ինչ ճանապարհով է իրականացվել։ Ակադեմիկոս մարդը, ով Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենն է, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, «գործ է տալիս»։ Առաջին հայացքից ակնառու է նրա տարիքը՝ խոցելի։ Ծնվել է 1943 թվականին։ Ծննդատան տնօրեն է, կոմպրոմատների լավ փաթեթ կունենա․․․
Սա ո՞ր թիվն է․․․ Առաջ երբ պատմում էին, թե «գործ տալով» Սիբիր է աքսորվել այսինչը, ետևից ասում էին՝ թքեմ դրա երեսին «Գործ տվողի» յոթը պորտը անիծված էր համարվում։ Հիմա այս ի՞նչ է կատարվում։ Մարդը իր գործը հաջողացնելու համար փող է առաջարկում, հանցանքի մեջ ներքաշում մի ուրիշի, հետո «գործ տալիս», թե հարա՜յ, եկեք, ինձնից փող է ուզել։ Այդպես շարունակվելու դեպքում բոլորը բոլորի դեմ «գործ են տալու», չհաշված ուղղորդումով աշխատողների բանակը։ Նախկին իշխանության ժամանակ էլ եմ ասել ու նույնը կրկնում եմ՝ կամ բոլորին բռնեք, համակարգային խողովակները այդպիսին են, կամ ոչ մեկին մի բռնեք։ Առանց համակարգային փոփոխության ում էլ բռնեք, հաջորդ եկողը նույնն է անելու, որովհետև միայն մարդն է փոխվել։ Չե՞ք համոզվում, նոր նշանակվածներն աշխատում են համակարգային հին խողովակներով և ոչ մեկը ետ չի մնալու նախկիններից։ Անձերի հեղափոխությունը հեղափոխություն չէ, ընդամենը կադրերի փոփոխություն է։
Հիմա ես չեմ հասկանում՝ «գործ տվո՞ղն է մաքուր, կոնկրետ դեպքում ծննդատան տնօրենը, թե փող վերցնողը», ում ձերբակալել են։
«Գործ տվողը» երբևէ փող չի վերցրե՞լ․․․ Հարյուրավոր գրառում- բողոքներ եմ կարդում ծննդատան տնօրենից։ Մեկը ներկայացնեմ․
марине азизбекян
Оооо!!! Էս հաստավզի հետ կապված ծանր հիշողություն ունեմ! 1998 թ, երբ եկել էի Երեւան, հղիությունս լավ չէր ընթանում, գնացինք իր մոտ, 14 օրվա գումար մուծել տվեց, երբ հարցրինք, թե միանգամից շատ չի՞, պատասխանեց, թե որ դուք Մոսկվայից չմուծեք, բա ո՞վ մուծի։ Հենց նույն օրը հասկացա, որ օրը մոտավորապես 25$ գումարը մուծել եմ միայն մահճակալի համար։ Ամեն դեղի, շպրիցի համար պիտի վճարեմ։ Հիվանդանոցի կանանց վիճակից սիրտս կանգնում էր! Մարդիկ սրանից- նրանից պարտք էին վերցրել, որ մեոմայի վիրահատման գումարը մուծեն, իսկ ինքը չէր թողնում վիրահատել, մինչեւ գրպանի համար էլ չտային։ Արնաքամ եղած կանանց ոչ մի օգնություն ցույց չէին տալիս։ Այնքան էի հարկի ծանր վիճակում գտնվող կանանց համար դեղորայք գնել, որ արդեն գներն էլ գիտեի, ու թե ինչ դեղ է պետք նույնպես! Իրենց բուժօգնությունից, բնական է, ոչ մի արդյունք, պայմանավորվեցինք, որ հիմա վճարումն եմ անում, առավոտյան բարեկամներս գումար կբերեն, հավելյալ էլ իրենց կտամ ու կվիրահատեն! Գիշերը վիճակս վատացավ, արյան վարակման վտանգ կար, հերթապահ բժիշկը հրաժարվեց վիրահատել, թե բա շեֆն ասել ա փողը կտան, նոր։ Ոչ մի հեռախոսի համար չէի հիշում անգիր, որ բջջայինից զանգեմ, գան։ Մի կերպ հիշեցի մորս ընկերուհու համարը, խեղճ կինը գիշերով, ինչ ինքն ուներ, ինչը հարեւաններին էր պարտք վերցրել, ու եկել հասել։
Համոզված եմ, որ հարյուրավոր մարդկանց վերջին կոպեկը խլել է, քանի-քանիսին էլ ուղարկել տուն- մահանալու։
Հիմա ասեք՝ ո՞նց հասկանամ, թե ով է կաշառակերը։ Ո՜ր թվից է այդ գործով զբաղվում, բայց․․․
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am