30-ամյա Մեղեդի Մարդիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրանսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։ Ըստ մեղադրանքի, նա 2011թ. մարտի 28-ին, Երևանի իր բնակարանում, համակարգչային հատուկ ծրագրի միջոցով պատրաստել և Բաբկեն Միրանի Նազարի-Դեհնավիին է փոխանցել իբրև «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից տրամադրված, վերջինիս ստորագրությամբ և նույն կազմակերպության կնիքով վավերացված իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք առ այն, որ վաճառվող բնակարանը Մ.Մարդիրոսյանին է հանձնվել փոխառության պայմանագրով նախատեսված գումարի վերադարձի դիմաց։ Գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: Նույն դատավորի նախագահությամբ ներկայումս ընթանում է բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով դատաքննությունը՝ գործով ամբաստանյալը վերոհիշյալ Գագիկ Պապոյանն է: 

Աղբյուրը՝ Փաստինֆո