Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթային:


Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի  առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։ 


Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:


GOSPEL-ը  (Կառավարումը սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրոպական Միության CIUDAD (Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն) ծրագրի մի մասն է, որի շրջանակում համագործակցում են Հայաստանը (Երևան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) և Նորվեգիան (Տրոնդհեյմ):  


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, և գործընկեր քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են փորձի փոխանակման սեմինարներ:  
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն