Արցախի ՊԲ նախկին հրամանտար Սամվել Բաբայանի հետ NEWS.am-ը զրուցել է Արցախը այլ պետության մանդատային տարածք դարձնելու իր թեզի, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հնարավորության, Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի և այլ հարցերի մասին։
Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց կարծես թե առ այսօր այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց չի գրանցվել։ Որքանո՞վ եք սա հնարավոր համարում։
Հայտարարելով, կոչերով Ղարաբաղը չի դառնա բանակցային կողմ։ Երկրորդ՝ իմ կարծիքով՝ Ղարաբաղում ժողովրդի կողմից ընտրված ղեկավար պետք է լինի, որը ներկայացնում է ժողովրդին։ Ադրբեջանը շատ լավ էլ ճանաչում է, թե այստեղ ով ով է, մինչև դրան չհասնենք, Ադրբեջանը որևիցե մեկի հետ չի նստելու խոսի։
Ի՞նչ եք կարծում, դրան հասնելու համար պետք է սպասենք մինչև 2020 թվականի ընտրություննե՞րը։
Իմ կարծիքով, այո։
Պարոն Բաբայան, դուք առաջարկում եք, որ Արցախը մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո: Սա տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ասում են՝ բավականին մեծ ռիսկեր կան, օրինակ, Ղրիմի իրադարձություններից հետո աշխարհը շատ կտրուկ արձագանքեց։ Դուք այս ռիսկերը հաշվի առե՞լ եք, քննարկումներ ունեցե՞լ եք ռուսական կողմի որևէ ներկայացուցչի հետ։
Ես ռուսական կողմի հետ նման քննարկումներ չեմ ունեցել։ Երկրորդ՝ Ռուսաստանի դրույթի տակ Ղարաբաղը դնելու նման առաջարկ չեմ արել։ Ես, ընդհանրապես, իմ ելույթի մեջ օրինակ եմ բերել, դա կարող էլինել ՄԱԿ-ի, Եվրամիության, ցանկացած գերտերության հովանու ներքո։ Քանի որ տարածաշրջանը Ռուսաստանի դրույթի տակ է, ես դրա համար առաջարկեցի՝ օրինակ բերելով Ռուսաստանին։
Մենք խնդիր ունենք առաջին հերթին, որ գծվի մի քարտեզ, որտեղ Ղարաբաղը որպես միավոր դուրս կբերվի պատերազմային գոտուց հանեն, այսինքն՝ կլինի մանդատի ներքո, և այդ ժամանակ որևիցե մեկը, հայկական կամ ադրբեջանական կողմը պատերազմ չի սկսելու։ Տարածաշրջանում ընթանալու է զարգացում, կամաց-կամաց երկու ժողորվուրդները հաշտվելու են, բարեկամանալու են, առևտուր են անելու։
Խնդիրն ինչում է. ովքեր Հայաստանում չգիտեն Ղարաբաղը, ես նրանց եմ բացատրել, որ Ղարաբաղը (խմբ. ԼՂԻՄ) ունեցել է 4400 քառ. կմ տարածք։ Վաղը Ադրբեջանը ճանաչում է անկախ, ու ձեզ ասում է՝ դե բոլոր այլ տարածքներից դուրս եկեք։ Ի՞նչ եք պատասխանում։ Այսինքն՝ խնդիրը պետք է գնա երկու փուլով։ Մանդատային տարածք, նոր տարածքներ գծագրվի, օրինականացվի ՄԱԿ-ի նիստով, նոր վերջում՝ ռեֆերենդում՝ անկախացում։ Նրանից հետո՝ միացում մայր Հայաստանին։ Պարոն Բաբայանը միակ քաղաքական գործիչն է եղել, որ միշտ ասել է՝ Արցախը Հայաստանի մի մաս է ու վերջ։
Կհստակեցնե՞ք, մանդատ ասելով ինչ նկատի ունեք։ Որովհետև շատերի համար հասկանալի չէ՝ դա ռազմակա՞ն ներկայություն է, կցվում է տարածքը որևէ պետությա՞ն, ի՞նչ նկատի ունեք։
Որևիցե ռազմական ներկայություն չի լինում, սա առաջինը։ Լինում է նոր քարտեզագրում։ Պաղեստինն ու Իսրայելը, երբ գծել են քարտեզը, տվել են մանդատային տարածք Անգլիայի մանդատի ներքո, Պաղեստինի տարածքում Անգլիական որևիցե ռազմական բազաներ չկան, բայց մանդատի ներքո է։ Այսօր Եվրոպան տարեկան 500 միլիոն գումար է հատկացնում Պաղեստինի զարգացման համար, 300 միլիոն դոլար էլ ամերիկացիներն են տալիս։ Էական է այն, որ այդ մանդատով նա ֆինանսավորում է, մանդատի տերը պետք է զարգացնի։
Վահան Շիրխանյանը նամակ էր հրապարակել՝ որում ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը քննարկել է Մեղրին հանձնելու տարբերակը։ Այդ պայմանավորվածության մասին Լեռնային Ղարաբաղը տեղյակ եղե՞լ է։
Ես չգիտեմ՝ Վահան Շիրխանյանն ի՞նչ է ասել։ Լեռնային Ղարաբաղը մինչև Մեղրի 49 կմ է։ Ղարաբաղի տարածքը իմ ենթակայության տակ իր ասած ժամանակ եղել է 110 կմ, այսօր էլ կա, եթե այդ 110-ի հարցը դեռ լուծված չի, ինչպե՞ս են խոսում՝ Մեղրին հանձնում է, չի հանձնում։ Լավ՝ տարել հանձնել ենք, հետո ի՞նչ է փոխվում։ Նման խոսակցություն չի եղել, ես չեմ լսել, իմ հետ որևիցե մեկը չի քննարկել, անգամ պատկերացում չունեմ, քանի որ այդ տարածքներից ոչ մեկ մտադիր չի եղել մի մետր հանձնի։ Վահան Շիրխանյանին խորհուրդ կտամ Վազգեն Սարգսյանի անունը չտա, մարդը մահացած է, չկա, անընդհատ խոսել՝ Վազգենն ինձ ասեց այն կամ այս, Վազգենն էլ չկա, որ ասի՝ դու սուտ ես ասում, թե՝ ճիշտ։ Վազգենի ընտանիքին և եղբայրներին էլ խորհուրդ կտամ՝ շատ կոշտ պատասխանեն։ Վազգենի հետ ամենամոտիկներից մեկը եղել եմ ես, ու ինձ թույլ չեմ տվել այսքան ժամանակ ասեմ՝ Վազգենը ասաց։ Այնպես որ, Վահան Շիրխանյանը կարող է նեղված է, վիճակը լավ չի, ինչ-որ խնդիրներ ունի, թող իրենով զբաղվի։ Վազգենի անունը չտա։ Չփորձի Վազգենի վրա հենվելով՝ ինչ-որ հարցեր լուծի։ Մեղրիի հարցով՝ ինձ հետ ոչ ոք չի խոսել։ Եթե գրվում է, որ Վազգենը գիտեր դրա մասին, նա առաջինը ինձ հետ պետք է քննարկեր։ Եթե չի խոսել, ուրեմն դա ֆանտաստիկայի ժանրից է։