«Չեք պատկերացնի՝ թոռնիկներիս ելույթից հետո ինչ բերկրանք, ինչ աննկարագրելի ուրախություն ապրեցի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր հուզմունքը չթաքցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը:

Նշենք, որ Աշոտ Ղազարյանի թոռները` Անահիտը եւ Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում օրերս հիացրել են բոլորին, այդ թվում՝ հաղորդավար Մաքսիմ Գալկինին: Նախագծի մասնակիցն այդ անգամ Աշոտ Ղազարյանի թոռն էր` 9-ամյա Բորիս Ադամյանը: Տղան հանդիսատեսին զարմացրեց իր երգելու տաղանդով: Բորիսը խոստովանել է, որ երգել սկսել է` մեծ քրոջը` Անահիտին հետեւելով: Վերջինս «Մանկական Եվրատեսիլի» եւ «Նոր ալիքի» մասնակից է եղել: Մաքսիմ Գալկինի խնդրանքով` Բորիսը կատարեց Тим Белорусский «Незабудка» երգը:

«Նրանք աղջկաս զավակներն են: Դուստրս երեք բալիկ ունի, այս երկուսը լավ երգում են, մյուսն էլ, որը աղջիկ է, լավ պարում է: Ասեմ, որ Անահիտի հետ ժամանակին պարապել է Նադեժդա Սարգսյանը: Նա մեծ ներդրում ունի թոռնիկիս երաժշտական կյանքում: Ասում էր. «Եղբորն էլ բերեք մոտս, պարապեմ, քույրիկին կանցնի»: Ի դեպ, երբ Անահիտը մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլ»-ին, մեկը Նադյային ասել էր. «Բա էլ ո՞վ պետք է «Եվրատեսիլ» գնար, եթե ոչ Աշոտի թոռը»:

Հետո, երբ լսել էր Անահիտի կատարումը, գնացել, Նադյային ասել էր. «Խոսքերս հետ եմ վերցնում, այդ ի՜նչ չքնաղ է երգում այդ աղջնակը»»,-պատմեց պարոն Ղազարյանը:

Նշենք, որ Անահիտը եւ Բորիսն իրենց քավր կատարումներով պարբերաբար ներկայանում են «Ինստագրամ»-ում` հավաքելով միլիոնավոր դիտումներ: Հենց այստեղից էլ, հումորիստի խոսքով, նրանց նկատել է երաժշտական պրոդյուսեր, երգահան Մաքսիմ Ֆադեեւը եւ հրավիրել մասնակցելու նախագծին: «Ինքս էլ զարմացա, երբ իմացա, որ նրանց հրավիրել էին Ռուսաստանի «Առաջին ալիք»-ից: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Այնքան ինքնուրույն երեխաներ են…

Աղջկաս ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ Սոչիում է ապրում, թոռնիկներս Ռուսաստանի քաղաքացի են, այնտեղ են դպրոց գնում, թեեւ հրաշալի կարդում եւ գրում են հայերեն: Եթե Աստծո կամքն է, թող երգի ուղով շարունակեն իրենց ճանապարհը»,-եզրափակեց պարոն Ղազարյանը:

Աղբյուր՝ Armlur.am