Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը մի քանի շաբաթ առաջ կամովին թողեց նախագահի պաշտոնը՝ 30-ամյա նախագահությունից հետո, նամակ է գրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը արդեն ամիսներ շարունակ կալանավորված է հայտնի գործով: Այդ նամակի մասին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակը: Թե ինչ մանրամասներ կան՝ հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ Ղազախստանի նախկին նախագահը Քոչարյանին տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ու նաև հույս հայտնել, որ կլինեն հետագա անձնական շփման առիթներ՝ ջերմորեն հիշելով նախկին շփումները:
Նազարբաևի նամակի փաստը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կամ, այսպես ասած, թիմը բնականաբար փորձում է մատուցել նրա, այսպես ասած, քաղաքական գործոն լինելու տրամաբանության շրջանակում՝ փորձելով Հայաստանի հանրային շրջանակներում ցույց տալ, որ կալանքի պայմաններում անգամ Ռոբերտ Քոչարյանը մնում է քաղաքականորեն պահանջված: Դա նույն տրամաբանության մեջ է, որով մատուցվում էին նաև Պուտինի շնորհավորանքները՝ ծննդյան օրվա, Նոր տարվա կապակցությամբ:
Մյուս կողմից՝ Նազարբաևի պարագան հետաքրքիր է նրանով, որ նա ոչ միայն Պուտին չէ, այլև նույնիսկ ղազախական Պուտին չէ, այսինքն՝ իշխանությունը թողնող նախագահ է: Արդյոք երկրորդ նախագահը այլևս չի՞ ակնկալում «արտոնություններ» Պուտինից և այդ իսկ պատճառով մնացել է Նազարբաևի «հույսին»: Իսկ հաջորդը լինելու է Լուկաշե՞նկոն:
Մյուս կողմից՝ կա իհարկե մեկ այլ հարց՝ իսկ ինչո՞ւ է Նազարբաևը հանկարծ որոշել նամակ գրել Քոչարյանին: Արդյոք դրանից առաջ նա չէ՞, որ նամակ է գրել Նազարբաևին, իսկ Ղազախստանի նախկին նախագահն ուղղակի պատասխանել է: Համենայնդեպս տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն է նամակ-հարց ուղղել Ղազախստանի նախագահին՝ այդ երկրում տեղի ունեցողը հասկանալու և թերևս ընդհանուր եվրասիական գոտում տրանսֆորմացիաներին հետևելու համար, ինչը համաձայնեք՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական պաշտպանությունը կառուցելու տեսանկյունից անկասկած ունի հույժ կարևոր նշանակություն: Նա պետք է հասկանա իհարկե, թե ինչն է իմաստալից, և ինչը՝ անիմաստ: Ավելին, բացառել պետք չէ անգամ, որ Պուտինը ոչ թե այլևս չի գրում, այլ գրում է բաներ, որոնք էլ անհրաժեշտ են դարձրել հաղորդակցությունը իշխանությունից հեռացող Նազարբաևի հետ:
Այն փաստը, որ երկրորդ նախագահի գրասենյակը հանրությանը հայտնում է դրա մասին, հուշում է, որ գործնական այլ աջակցություն նամակների բովանդակության մեջ չի պարունակվում: Միաժամանակ, այստեղ իհարկե բուն նպատակը ոչ միայն և ոչ այնքան հանրությանը երկրորդ նախագահի քաղաքական «միջազգային պահանջարկի» կամ ավելի շուտ՝ «եվրասիական պահանջարկի» մասին ծանուցելն է, որքան հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին և այն սոցիալ-քաղաքական հենարանին, որ իր համար փորձում է ձևավորել երկրորդ նախագահը:
Այստեղ հատկանշական է շաբաթներ առաջ կալանատնից նրա հղած ուղերձը՝ փետրվարի վերջին, որտեղ նա դիմում էր իր համակիրներին և հորդորում չընկճվել՝ ասելով, թե ամեն ինչ ժամանակավոր է: Տպավորություն էր, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել էր թիմում կամ համակիրների շրջանում որոշակի հուսահատության կամ հիասթափության մասին ազդակներ և փորձում է ցրել դրանք: Թերևս այդ շարքում է նաև նամակը Ղազախստանից:
Նյութի աղբոյւրը՝ 1in.am