«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Կայքի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքել, ոչ հաստատել են՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեականա գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։