Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։ Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։
Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները ֆոտոլրագրող հետ զրույցում ասում էին. «Երեկվանից փնտրում էինք Գևորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։ Երեկ դիմել էինք Շենգավիթի ոստիկանություն, ու ոստիկանները մեզ հետ հավասար որոնում էին նրան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ դին կհայտնաբերեինք հոր ու մոր գերեզմանի մոտ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել։
Հուսով ենք՝ քննությունը օբյեկտիվ կընթանա և այս առեղծվածային դեպքը մեզ համար էլ պարզ կլինի՝ ի վերջո, ինչ է եղել իրականում։ Բայց որ ունենք կասկածներ, դա հստակ է, քանի որ դժվար թե մարդ ինքնասպան լիներ»։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 36-ամյա Գևորգ Այվազյանն էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: