Ռուսական «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իր ցեղասպանված նախնիների ողբերգական պատմությանը՝ գրում է.
«Աշխարհում ինչքան մարդ կա, այնքան էլ հիմարների տեսակ»,- ասում էր գլխաշոր կապած այս կինը՝ Նարդուհի Ներսեսյանը, իմ նենեգան, նախատատս։
Նա կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, վախենալ Աստծուց ու չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից, բացի նրանցից, ում ձեռքում յաթաղան կա։
1915թ. նրա աչքերի առջև յաթաղաններով կտրել են նրա ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։
Ամուսնացած ավագ քույրը բռնաբարությունից խուսափել է՝ բարձր տրաբզոնյան ժայռից ջուրը նետվելով ու խեղդվելով։
Կենդանի են մնացել միայն Նարդուհին ու նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, որի պատվին հետագայում անվանել են իմ փոքր քրոջը։ Նրանց հայրը մահվանից առաջ հասցրել է նրանց ոսկե մետաղադրամ տա, որը նախատատս թաքցրել է իր բերանի մեջ։
Նրանց երկուսին էլ՝ բաց մազերով, կապուտաչյա աղջնակներին իրենց մոտ ապրելու են վերցրել թուրքական ընտանիքները. գեղեցիկ, փոքր, կապուտաչյա աղջիկներին կենդանի էին թողնում։
Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, քանի դեռ նենեգայիս չեն գտել նրա՝ կենդանի մնացած բարեկամներն ու օգնել, որ նա Ղրիմ փախչի։
Այսպես իմ ընտանիքի հայրական ճյուղն ընձյուղ տվեց Ղրիմում։
Թե ինչ է պատահել իմ նենեգայի քրոջը, մենք չգիտենք։
Իմ երկրորդ նախատատը Ցեղասպանության ժամանակ մոտ 5 տարեկան է եղել։ Նախքան յաթաղանով մարդկանց՝ իրենց տուն մտնելը, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ ու հենել պատին։ Նա կանգել է այնտեղ ու լսել, թե ինչպես են սպանում իր բոլոր հարազատներին։ Իսկ ընտանիքներն այն ժամանակ մեծ էին, և նա այդպես երկար է կանգնել։ Նրան այդպես էլ չեն նկատել։
Նա այդպես էլ կանգնած մնացել է՝ այդ գորգի մեջ փաթաթված, մինչև նրան գտել են հարևանները։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է։
Նենեգա, ես հիշում եմ»։