«Առաջին հերթին խնդիրներ կան գնումերի ոլորտում, և իրականացվել են աշխատանքներ, որոնք այժմ էլ շարունակվում են»: Այսօր կառավարությունում կայացած ասուլիսի ընթացքում նշեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով ՎՊ-ի տարեկան հաշվետվությանը:
Նա ներկայացրեց, որ առաջին հերթին պետք է լինի թափանցիկություն, երկրորդ՝ հավասար վերաբերմունք մասնակիցներին և մատակարարներին, ավելի ցածր գներ և բարձր որակ:
Նախարարը նշեց, որ շատ կարևոր են նաև բողոքարկումները: «Գնումների ոլորտում, բողոքարկման խորհուրդին է վերաբերում, կային գնահատականներ ոչ արդյունավետության մասին: Շատ դեպքերում մրցույթին մասնակցած մատակարարները բողոքներ էին ներկայացնում, հետագայում դրանք ետ էին վերցնում: Այժմ որոշվել է, որ եթե բողոքարկվել է, այլևս ետ չպետք է վերցվի»,- նշեց նա:
Նախարարը հայտնեց, որ 2011-ին ստացվել է 26 բողոք, 2012-ին 38 2013-ին 38 բողոք, իսկ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում՝ 33 բողոք: Դ. Սարգսյանը նշեց նաև, որ մարդիկ պետք է ավելի շատ բողոքարկեն, եթե կարծում են, թե իրենց իրավունքները ոտնահարված են:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե որքան գումար է ծախսվել, լրագրողի խոսքերով` բոլոր չափորոշիչներով «մեռած» gnum.am կայքի վրա, նախարարը նշեց. «Համաձայն չեմ , որ բոլոր չափորոշիչներով կայքը «մեռած» է, խափանումները կարող են լինել տեխնիկական: Այս պահին իրականացվում են արդիականացման աշխատանքներ և կայքի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն»: