Գեղեցկության մրցույթներն ամբողջ աշխարհում սկանդալային թեմա են, մեր երկրում էլ նման միջադեպեր ևս լինում են՝ կապված աղջիկների դժգոհությունների հետ: Վերջիններս հաճախ վրդովմունքն արտահայտում են իրենց սոցիալական էջերում, ինչպես մրցույթի նախկին մասնակից Նելլին: Վերջինս մեղադրում էր Գոհար Հարությունյանին անարդարության մեջ: Պարզվում է`այս պատմությունը դեռ անցած տարվանից է սկսվել: BlogNews.am-ի հետ զրույցում «Միսս Արմենիա» մրցույթի հիմնադիր և տնօրեն Գոհար Հարությունյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը և իր հասցեին հնչած մեղադրանքները:
«Նելլին դեռ անցած տարվանից էր սկսել խոսել մեր մրցույթից: Մեր ադմինիստրատորի հետ զրույցում ասում էր, որ մեր մրցույթն անարդար է: Միևնույն ժամանակ նա կարծես պայքարի մեջ լիներ․ մի կողմից ցանկանում էր մասնակցել, մյուս կողմից էլ վատ բաներ էր ասում: Նախընտրական փուլի ավարտից հետո մեր ադմինիստրատորը ցույց տվեց իրենց նամակագրությունը, և դա հիմք հանդիսացավ, որ նրան չանցկացնենք հաջորդ փուլ նման սկանդալային բնավորություն ունենալու համար: Նա այս տարի ցանկություն հայտնեց նորից մասնակցելու, եկավ, ներողություն խնդրեց, բայց խորհրդի և ժյուրիի անդամները որոշեցին, որ եթե մեկ անգամ իրեն թույլ է տվել նման պահվածք, հնարավոր է՝ կրկին խնդիրներ առաջացնի: Բայց արի ու տես, որ նախընտրական փուլը չանցնելուց հետո, միևնույն է, ամբողջ ընտանիքով միջոցներ էին փնտրում, որ իմ անձը վարկաբեկեին»:
Գոհարը նշում է, որ, բացի աղջիկների մոդելային տվյալներից, հաշվի են առնում նաև նրանց բնավորությունը. «Պատկերացնո՞ւմ ենք, մենք հաղթողի հետ մեկ տարի աշխատում ենք, եթե ունենա վատ բնավորություն, մեկնի միջազգային մրցույթի, խայտառակ անի Հայաստանը, հիստերիաներ կամ ուրիշ աղջիկների հետ վատ վերաբերվի: Իհարկե, առաջին հերթին բնավորությունն է, հանդուրժողականությունը, բարիությունը․ այս բոլորը հաշվի ենք առնում, հետո՝ մնացած հատկանիշները»:
Չնայած Նելլիի ագրեսիվ տրամադրվածությանը` Գոհարը նշում է, որ շատ բարեհամբույր կերպով պատասխանել է աղջկան և հաջողություն մաղթել այլ մրցույթներում․ «Բոլոր երկրներում այդպես է, աղջիկներն ավելի լավ ակնկալիքներ են ունենում իրենց համար, բոլորն էլ գալիս են հաղթելու համար։ Չորս հարյուր մասնակից ունենք, և ոչ բոլորն են կարողանում մրցույթից դուրս մնալուց հետո իրենց ճիշտ ձևով դրսևորել: Այստեղ խնդիր ունենք նաև ծնողների հետ․ շատ անգամ ուղարկում են մրցույթին`ասելով՝ եթե լինի արդարություն, դու կհաղթես»:
Այն հարցին՝ կա՞ այն խնդիրը, երբ յուրաքանչյուր աղջիկ, գալով մրցույթի, համոզված է, որ ամենալավն է, և ավելիին ձգտելու ցանկություն այլևս չի ունենում ու օբյեկտիվ չի գնահատում իր շանսերը. «Նելլի դեպքը հենց այդ դեպքն էր։ Աղջիկն անցած տարվա մեր ադմինիստրատորի հետ խոսելիս նշում էր, որ իր գինը գիտի, եկել, տեսել է մեր աղջիկներին, այսինքն՝ նա բավական բարձր գնահատական ունի իր գեղեցկության նկատմամբ: Իհարկե, ոչինչ չեմ կարող ասել․ ամեն դեպքում հարյուր հիսուն սանտիմետր հասակով նա երկիր չէր կարող ներկայացնել: Մենք պարտադիր դատական գործ ենք հարուցելու Նելլի նկատմամբ, որովհետև հրապարակային վարկաբեկել է, և դա դատապարտելի է: Կարծում եմ, որ նման հարցերում անպատժելիությունը սխալ է, և սա հիմք կլինի մյուսների համար: Առաջին անգամ ենք այս քայլին գնում։ Չնայած անցած տարի էլ էին սպառնում, բայց մենք զգուշացրինք, որ եթե հրապարակային մեղադրանքներ սկսվեն, մենք դատական գործ կհարուցենք: Գործին ընթացք չտրվեց, և ամեն դեպքում աղջիկը մամուլին չդիմեց»:
Գոհարն անդրադարձավ նաև Նելլիի նշած հինգ հազար դրամանոց դասընթացներին. «Դա այլ կազմակերպություն է, որը պահանջում է քսան հազար դրամ ութ պարապմունքի համար, բայց մեր հիմնադրամի համար անում են հինգ հազարով, դա էլ ըստ ցանկության է: Մասնակիցը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է գեղեցիկ բեմական կեցվածքով հանդես գալ, թե՞ ոչ»:
Նյութի աղբյուրը՝ Blognews.am