«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ օպտիմալացումներ են լինելու մի քանի թաղապետարանների աշխատակազմերում, այդ թվում` Արաբկիր եւ Ավան վարչական շրջաններում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը հատկապես Արաբկիրում: Ավելին` հիմա թաղապետ Արամ Դանիելյանի դեմ ստորագրահավաք է նախապատրաստվում, քանի որ թաղապետը ցանկանում է ազատվել մի շարք կադրերից, հիմնականում՝ բաժնի պետերից:
Թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել՝ եթե որեւէ մեկին ազատեն աշխատանքից, անկախ ազատման հիմքերից, իրենք գործադուլ կանեն: Ասել է թե` Արաբկիրի թաղապետի որոշումների հետեւանքով բունտ է հասունանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում