Մայիսի 14-ին կկայան ԵՄ Արեւելյան գործընկերության հոբելյանական գագաթնաժողովը, որի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն եթե առիթ ստեղծվի, ապա ինչու չխոսել և չքննարկել իրավիճակը:
Ոչ ֆորմալ զրույցի ժամանակ սեփական օրակարգն առաջ տանելու հնարավորություններն ավելի շատ են: Առավել ևս, որ Հայաստանի «քեյսը» աստիճանաբար ակնառու է դառնում: Թեմաներից մեկը սահմանին լարվածության աճն է, թեև Նիկոլ Փաշինյանը դա ապակայունացում չի անվանում: Ընդ որում նա ցանկանում է պարզել, արդյոք «ինչ-որ կողմից» իրավիճակը սրելու հրաման է եղել:
Արդի թեմաներից ևս մեկը կարող է լինել ԵՄ-Ադրբեջան Շրջանակային համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը: Ադրբեջանական մամուլում կարծիքներ են հնչել, այդ թվում, պաշտոնական, որ Ադրբեջանը պահանջում է համաձայնագրի տեքստում ամրագրել մի կետ, որի հետ ԵՄ-ը համառորեն չի համաձայնվում: Բաքուն պնդում է,որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի իր տարածքային ամբողջականության շրջանակում: ԵՄ-ը աջակցում է ԵԱՀԿ սկզբունքներին, որում նշվում է ինքնորոշման իրավունքը և ուժի կիրառումից հրաժարումը: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ-ն սկզբունքային մոտեցում կցուցաբերի Ադրբեջանի հետ բանակցություններում:
«Դա ԵՄ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններն են: Իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց ուղիղ առնչություն չունի, և ես ԵՄ-ի իմ գործընկերների հետ ուղիղ շփումներում նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացները, տարածարջանային իրավիճակների շուրջ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն, չայլակերպվեն տարբեր իրավիճակներում», – ասել է Փաշինյանը: Նա նշել է միջազգային ճանաչված սկզբունքների շրջանակին հստակ հետևելու կարևորությունը:
Միջազգային սկզբունքներին հղումները Հայաստանի «քեյսում» կարևոր թեման են դառնում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Մոսկվայում առ այն, որ Արցախում հնարավոր պատերազմի պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա, ուղիղ հղում էր Ռուսաստանի հետ դաշնակցային պարտականություններին:
Ռուսաստանը չի կարող հրապարակային հրաժարվել իր պարտականություններից: Եվ պատահաբար չէ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը կտրուկ հայտարարում է, որ եթե Ռուսաստանն շարունակի աջակցել Հայաստանի աճող հավակնություններին, ապա Ադրբեջանը հարկադրված կանցնի «իր ամբողջականությունը» վերականգնելուն:
Կհամաձայվի՞ ԵՄ-ը Ադրբեջանի հետ ստորագրել պայմանագիր, որը հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին: Եթե այո, ապա Հայաստանը կստանա այդ սկզբունքներն անտեսելու լիիրավ բարոյական իրավունք: Եթե ոչ, ապա նշանակում է, որ Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում:
Արցախյան հարցի կարգավորման հարցի շուրջ հին մեթոդներից անցումը դեպի ճկուն դիվանագիտությունը ոչ միանշանակ արձագանք է ստանում: Մայիսի 9-ին, երբ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին հարց տվեցին սահմանին լարվածության աճի վերաբերյալ, նա մատնանշեց Ստեփանակերտ ժամանած Նիկոլ Փաշինյանին և հայտարարեց, որ պետք է հարցնել նրան, ով «բանակցություններ է վարում վերելակում»: Հիշեցնենք, որ Փաշինյանը և Ալիևը Դուշանբերում հանդիպել էին վերելակում:
Հայտնի չէ, թե ինչ վատ բան է եղել «վերելակային բանակցություններում» մեջ, սակայն այն, որ Հայաստանը սկսել է ազդել Ադրբեջանի ներքին դրության վրա, ընդունում են փորձագետները:
«Իմ քայլ» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, օրինակ, ասում է, որ Հայաստանի վարչապետի հայտարարություններն ամեն անգամ բուռն արձագանք են ստանում Ադրբեջանում: «Նաև հետևելով Ադրբեջանի ներքին դիսկուրսներին, ակնհայտ է, որ այն խաղաղության օրակարգը, որ առաջարկում է Հայաստանը և որը հումանիտար ոլորտում կոնկրետ քայլերից է բաղկացած, հստակ խնդիրներ է առաջացնում Ադրբեջանի ներսում։ Շատ մեծ հարցական է, թե Ադրբեջանը որքանով կկարողանա ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները կյանքի կոչել, որովհետև հենց իրենց ներսում լուրջ դժգոհություն է առաջացնում։ Այսինքն այս դիսկուրսը ազդեցություն է թողնում Ադրբեջանի ներսում Ալիևի համար խնդիրներ առաջացնելու առումով։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք պնդել մեր օրակարգը»,-ասում է պատգամավորը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am