Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում հրաշքի հեղինակ դարձած անգլիական Լիվերպուլի գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպն իր զարմանքն է արտահայտել Եվոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշման կապակցությամբ: Կլոպը հայտարարել է, թե տպավորություն ունի, որ ինչ որ մեկն իրենց ձեռք է առնում:

Եվրոպայի լիգայի՝ եվրոպական ֆուտբոլային ակումբային կարգով երկրորդ մրցաշարի եզրափակիչը մայիսի վերջին տեղի կունենա Բաքվում: Խաղալու են անգլիական Արսենալն ու Չելսին: Արսենալի կազմում է հայաստանցի Հենրիկ Մխիթարյանը եւ նրա Բաքու մեկնելու հարցը դարձել է եվրոպական ֆուտբոլի ամենաքննարկվող հարցերից: Խոսքը բնականաբար անվտանգության երաշխիքների մասին է: Բաքուն հայտնել է, թե տալիս է այդպիսի երաշխիք, բայց անկասկած է, որ այստեղ հարցը նաեւ հոգեբանական մթնոլորտն է, եթե օրինակ մարզադաշտը սուլի Հենրիկին՝ խաղի ժամանակ:

 

Յուրեգն Կլոպի զարմանքը խիստ խորհրդանշական է, նաեւ մի իրողության ֆոնին, որ տեղի ունեցավ Հայաստանում տարիներ առաջ: Մասնավորապես, Հայաստանը գրեթե առանց որեւէ հանրային զարմանքի ընդունեց Բաքվում տեղի ունենալիք եվրաօլիմպիադային մասնակցելու որոշումը: Մինչեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելը, ինչ որ մարդիկ Եվրոպայում որոշեցին, որ 2015 թվականին Բաքվում պետք է անցկացվեր առաջին եվրոպական այսպես ասած օլիմպիադան:

Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ինչպես ստացվեց այդ որոշումը: Տարակուսողների համար թերեւս բավարար է խավիարային դիվանագիտության պատմությունը: Թե ինչու էր այդ որոշումը շատ կարեւոր Ադրբեջանի, մասնավորապես դրա նախագահ Ալիեւի համար, դարձյալ դժվար չէր կռահել: Ալիեւը ավելի ու ավելի ինտենսիվ պատրաստվում էր Արցախի դեմ պատերազմի, ավելի ու ավելի հանդուգն խախտելով հրադադարը թե ծավալի, թե տրամաչափի առումով: Այդ գործում նրան պետք էր միջազգային PR-ը, որպես լեգիտիմ պատերազմի հենասյուներից մեկը:

Ալիեւը դրա համար չխնայեց ջանք ու փող եւ ստացավ եվրոպական օլիմպիադայի իրավունքը, այն վերածելով իր պատերազմի իրավունքի բաղադրիչի:

Ի՞նչ ստացավ Հայաստանը, որը փաստորեն տուրք տվեց այդ ամենին, կայացնելով Բաքվում ալիեւյան քարոզչության այդ խրախճանքին մասնակցելու որոշում: Այն դեպքում, երբ Բաքվի օլիմպիադայից առաջ Ալիեւը սկսել էր սահմանային ինտենսիվ մարդասպանությունը՝ հրադադարի խախտման տարբեր դեպքերով, այդ թվում ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական օդանավի խոցումով, որից հետո մոտ երկու շաբաթ թույլ չեր տալիս դուրս բերել խոցված օդանավի անձնակազմի դիերը: Հայկական զինուժը դա ի վերջո արեց հատուկ օպերացիայով:

Այդ ամենից հետո, Հայաստանը գնաց եւ մասնակցեց Բաքվի օլիմպիադային, փոխանակ իր դիվանագիտական եւ քաղաքական խողովակներով ազդարարելու, որ անհամատեղելի են Ադրբեջանի քաղաքականությունն ու վարքագիծը օլիմպիական արժեքների եւ մարդասիրության հետ:

Հատկանշական է, որ Հայաստանի մասնակցության թե որոշման, թե դրան տանող գործընթացի ընթացքում համակ լռություն էին պահպանում այն շրջանակները, խմբերը, կառույցները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո զրկվելով իշխանական, իշխանամերձ դիրքերից, սուր քննադատության են ենթարկում նոր իշխանության արցախյան քաղաքականությունն ու հատկապես հրադադարի պայմանավորվածությունները, առանձնակի հեգնանքի առարկա դարձնելով այսպես ասած «վերելակային դիվանագիտությունն» ու դրա արդյունքը: Այդ ամենը հատկապես աշխուժացավ վերջին օրերին սահմանին կրակոցների որոշակի աշխուժացման ֆոնին:

Ու՞ր էին այդ հարցերը 2015-ին, երբ Ադրբեջանի մահաբեր ռազմատենչ քաղաքականության ֆոնին հայկական կողմը գործնականում զբաղված էր «օլիմպիական դիվանագիտությամբ»: Ու՞ր էին այդ հարցերը, երբ Բաքվի օլիմպիադայից կարճ ժամանակ անց՝ 2015-ի սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց ինտենսիվ հրետակածում, արկակոծում Տավուշում, ընդ որում ոչ միայն դիրքերի, այլ սահմանամերձ եւ անգամ սահմանից հեռու բնակավայրերի ուղղությամբ, երբ եղավ ընդհուպ քաղաքացիական զոհ:

Ու՞ր էին այդ հարցերը, երբ Բաքվի օլիմպիադայից հետո Ադրբեջանը մի քանի ամիս անց՝ 2016-ի ապրիլին գրոհեց Արցախը:

Այդ հարցերի բացակայությունը նշանակու՞մ է արդյոք, որ հարցեր չպետք է հնչեն այժմ կամ երբեւէ: Իհարկե ոչ: Բայց հույժ կարեւոր է, թե ովքեր եւ ինչ հարցեր են հնչեցնում: Որովհետեւ դրանից է կախված, թե ինչ արժեք կամ կշիռ են ունենում այդ հարցերը, դրանք ուղղված են լինում հանրային եւ պետական շահի եւ անվտանգությա՞ն սպասարկմանը, թե՞ նախկին իշխող շրջանակի մանր շահերի եւ խմբային հետաքրքրությունների:

Ինչ որ մեկը ձեռք է առնում եվրոպացիներին, ինչպես ասում է Կլոպը: Իսկ ո՞վ էր ձեռք առնում հայաստանցիներին, 2015 թվականին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am